
Մեր համագործակցությունը կենսական կարևորություն ունի․ Իրակլի Կոբախիձե
Երևան այցելությունների նման հաճախականությունը նշանակում է, որ վրացական կողմը մեծ հետաքրքրություն ունի մեր հարաբերությունները խորացնելու։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Մեր գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով և մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի»,- ասաց Վրաստանի վարչապետը։
Նա ընդգծեց, որ առանձնազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ ՝ անդրադառնալով փոխգործակցության բազմակողմանի ուղղություններով։
«Աշխարհը լի է մարտահրավերներով և դրանց հաշվի առնելը խիստ կարևոր է, ինչը ևս ընդգծում է համագործակցության կարևորությունը։ Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ շահերի պաշտպանության, ազգային շահերի պաշտպանության հարցերով: Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի: Մենք ևս մեկ անգամ արտահայտում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր նպաստը բերելու կայունությանն ու խաղաղությանը այս տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր ջանքերը պատրաստ ենք ներդնել՝ նաև հետայսու: Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար»,- ասաց Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետն իր խոսքում կարևորեց նաև Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը։
«Մենք շատ բավարարված ենք տնտեսական ասպարեզում առկա դրական միտումներով։ Տնտեսական և առևտրային ասպարեզները ունեն նաև զարգացման ներուժ, որը մենք կփորձենք լավագույնս օգտագործել»,-ընդգծեց Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեն իր ելույթի ավարտին Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Վրաստան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան