
Աբազյանը մեզ ասաց, որ իրենք 1990-ականների անհետ կորածներով չեն զբաղվում. անհետ կորածի մայր
Անհետ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ այսօր Ազգային ժողովում կայացել է փակ քննարկման: Ներկա են եղել ուժային կառույցների ղեկավարները, ներկայացուցիչները։
«Ես հանդիպմանը հարց բարձրացրեցի, թե արդյո՞ք զբաղվում են 1990-ականների անհետ կորածներով և ի՞նչ տեղեկություններ ունեք, ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանն ասաց՝ ես չեմ խաբի ձեզ, մենք չենք զբաղվում այդ հարցով:
Երբ վարչապետը նոր ընտրվել էր, ես հարց տվեցի իրեն՝ ի՞նչ եք անելու մեր տղաներին բերելու հարցով, ինքը ասաց, որ դա իր ժամանակ չի եղել։
Պարոն Աբազյանն ասաց, որ իրենք զբաղվում են 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարցով»,-հանդիպումից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչ Ռիմա Առաքելյանը։ Նա 1992 թվականի անհետ կորած Շահեն Առաքելյանի մայրն է։
Նա նշեց, որ ոչ մի սպասելիք չունի այդ հարցով:
Հարցին՝ քննարկումն ի՞նչ մթնոլորտում է անցնում, լարվածություն կա՞, Ռ. Առաքելյանը պատասխանեց. «Լարվածություն, իհարկե, կլինի: Գիտեք ինչ, եթե չկա մարդու երեխան, ինչ էլ պատասխանեն, չի բավարարվի ծնողը: Հարց են տալիս, նա էլ պատասխանում է, եթե դրական չի, շատ դժվար է»: