
Քրվարույթ է նախաձեռնվում Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողների տեսանյութը հանրայնացնողների դեմ
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ի Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն ֆեյսբուքյան էջը տեսանյութ էր հրապարակել և գրել. «Ամո՛թ։ Երևանի կենտրոնական հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ» (Ղարաբաղ): Իսկ ո՞ւր է մեր քաջարի ոստիկանները։ Թե՞ Եռաբլուրում կարող է ծեծել միայն մեր զոհված զինվորների մայրերին»։
Երեկ ԱԱԾ-ն պարզաբանում էր, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն պարզել է՝ ովքեր են Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողները
- Ամո՛թ։ Երևանի կենտրոնական հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ».ՌՀԱԿ