
Շարունակելու ենք այնքան, մինչև հասնենք մեր պահանջների բավարարմանը. ԶՊՄԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիան շարունակում են խարույկի շուրջ
ԶՊՄԿ-ի աշխատակիցներն այս պահին էլ շարունակում են գործադուլը։
«Չենք դադարեցրել, այս պահին էլ մարդիկ, հավաքված հավաքված խարույկի շուրջ, կիսվում են մտքերով»,-Քաջարանում տեղի ունեցողի մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց բողոքի ակցիայի մասնակից Վահե Մխիթարյանը։
Նրա խոսքով, այսօր էլ կոմբինատի ղեկավարությունից որևէ մեկն իրենց չի այցելել, պահանջները չի լսել։
Հիշեցնենք, որ կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ արդեն երկրորդ օրն է՝ իրականացնում են գործադուլ՝ պահանջելով աշխատավարձերի զգալի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, որը թույլ կտա պահպանել իրենց առողջությունը։
«Մենք ինչ-որ գործողություններ չենք անում այս պահին, կարելի է ասել, մեր բողոքն արտահայտում ենք նստացույցի ֆորմատով։ Շարունակելու ենք այնքան, մինչև հասնենք մեր պահանջների բավարարմանը»,-ասաց Մխիթարյանը։
Պղնձամոլիբդենային կոմբինատի մեկ այլ աշխատակից Հակոբ Դավթյանը նշեց, որ 2018-ից ի վեր աշխատավարձը չի բարձրացել, մինչդեռ այդ ընթացքում բարձր գնաճ է գրանցվել։
«Նույն 300 հազար դրամն է։ Իրենց առաջարակած 10-20 տոկոսը չի համապատասխանում համընդհանուր կյանքի հետ, մարդիկ չեն կարողանա իրենց խնդիրները լուծել։ Նայեք մեր սարերին, ձորերին, դրանք տանելով՝ չեն ուզում, սովորական քաղաքացին, աշխատողն իր երեխայի համար ապահովի մինիմալը։ Մեր աշխատակիցների նկատմամբ «գենոցիդ» է, մարդիկ այստեղ աշխատելուց հետո գնում են տաքսավատ են անում, երկրորդ աշխատանքի գնում, որ իրենց ընտանիքը պահեն»,-ասել է նա։
Գործադուլ հայտարարած աշխատակիցները նշում են, ղեկավարությունից իրենց պահանջած աշխատավարձի չափն անհիմն է համարում, մինչդեռ իրենք պատրաստ են ռացիոնալ հաշվարկներով հիմնավորել, նույնիսկ մասնագետներ ներգրավել։
«Երբ մենք պահանջում ենք բաց երկխոսություն, առնվազն տեսանկարահանվի, նրանք չեն համաձայնում, առավել քան համոզված եմ, որ արտադրամասերի մեծ մասում առկա են մարդկային արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ»,-ասաց գործադուլի մեկ այլ մասնակից։
Նշենք, որ ակցիայի ընթացքում Քաջարանում նաև իրազեկման ակցիաներ են իրականացվում, կոչ են անում բնակիչներին միանալ բողոքի ակցիային։
«Համախմբում, համախմբում ու պայքար։ Միացեք մեզ։ Պայքար, նահանջ չկա, ոչ մեկ ոչ մի տեղ չի շարժվի, քանի այս հարցը չլուծվի»,-հայտարարում են իրազեկման կազմակերպիչները։
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ չեն գալիս պատասխանեն մեր հարցերին. ԶՊՄԿ-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան
- ԶՊՄԿ-ի ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների, մեզ սպառնում են անընդհատ․ աշխատակից
- ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլ անող աշխատակիցներին ուղարկել հարկադիր պարապուրդի
- 99 ու 9 տոկոսը վարկերով են ապրում. ԶՊՄԿ աշխատակիցներ
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 %-ն անցել է պետությանը, բայց շահաբաժիններից եկամուտը նվազում է 2021թ.-ի մակարդակ. Արթուր Խաչատրյան