
ԶՊՄԿ-ի ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների, մեզ սպառնում են անընդհատ․ աշխատակից
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց կոմբինատի աշխատակիցը՝ նկատի ունենալով կոմբինատի տարածած հայտարարությունն ի պատասխան գործադուլի։
Նրա խոսքով, լուրեր են տարածվել, որ ընդվզողների հանդեպ կոշտ գործողություններ են ձեռնարկվելու, ընդհուպ՝ աշխատանքից հեռացում։
«Մեզ սպառնացել են և ոչ մեկ անգամ։ Դա տեղի է ունենում անընդհատ։ Նույնիսկ արհմիությունն էր փորձում մեզ հետ կանգնեցնել այս գործընթացից։ Նրանք սպառնացել են մեզ հեռացնել աշխատանքից։ Այսինքն, ազատ կամարտահայտության համար սպառնում են մարդուն աշխատանքից ազատել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Վահեն։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բազմաթիվ աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, նրանք կոմբինատի հիմնական արտադրամասի աշխատակիցներն են։
«Տևական ժամանակ է՝ փորձում ենք գործատուի հետ կառուցողական երկխոսություն սկսել, որովհետև բացակայում են բաց հաղորդակցության և երկխոսության խողովակները։ Փորձում ենք ներկայացնել աշխատավարձի վերանայման մեր պահանջները։ Մինչ այս կազմակերպել էինք ստորագրահավաք և արդեն իսկ այդ փուլից սկսած գործատուն ամեն կերպ փորձում է մեզ խոչընդոտել։ Միայն մեր մոտից՝ հարստացուցիչ ֆաբրիկայից, ակցիային միացել է շուրջ 170 հոգի։ Բայց մասնակիցների թիվը շատ է, քանի որ բոլոր արտադրամասներն են ստորագրահավաք կազմակերպել և միացել գործադուլին»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ Քաջարանից։
Նշենք, որ արդեն երկրորդ օրն է ԶՄՊԿ-ի ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների նվազագույն բարելավում։
Աշխատավարձերի բարձրացման հարցն աշխատակիցները դեռևս երկու ամիս առաջ են բարձրացրել,սակայն՝ ապարդյուն։
«Կոնկրետ մեր արտադրամասում ստորագրահավաք սկսել ենք անել 15 օր առաջ, իսկ երկու ամիս առաջ էլ բաց հանքի աշխատակիցներն են իրականացրել, բայց որևէ արձագանք չկա։ Չկան բաց երկխոսության գործիքակազմեր, մենք այս ընթացքում չենք հանդիպել կոմբինատի ղեկավար կազմի հետ։ Խնդրի մասին բանավոր կերպով փոխանցվել է տեղամասի պետերի միջոցով, ինչն ընդհանրապես արդյունք չի տվել։ Մենք փորձում ենք մասնակցել որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են մեր աշխատանքային պայմանների բարելավմանը։ Հանքում աշխատելով գոնե մի փոքր լավ ապրելու, չեմ ասում՝ բարեկեցիկ, բայց մի փոքր լավ ապրելու իրավունք ունենք։ Այն աշխատավարձերը, որոնք պաշտոնապես հրապարակվում են, չենք կարող համեմատականներ դնել այլ համայնքների հետ, որովհետև, օրինակ, նույնիսկ Կապանի հետ համեմատած գնային տարբերություն կա»,- ասաց ԶՄՊԿ-ի աշխատակիցը։
Հիմնավորելով իրենց պահանջը, ԶՄՊԿ-ի աշխատակիցն ընդգծեց, որ այլ հանքավայրերում աշխատող անձանց աշխատավարձերի համեմատ իրենցն ավելի ցածր է․
«Իմ մասնագիտությամբ, կարող եմ ասել, որ Հայաստանում գործող հանքավայրերում նույն աշխատակիցը 20-30 տոկոսով ավելի բարձր է ստանում, քան ես, թեև այս հզոր արտադրությունը հնարավորություններ ունի իր աշխատակիցների և մարդկային կապիտալի մեջ ներդրումներ անելու, գոնե առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման գործողություններ»։
Բացի աշխատավարձերի բարձրացման պահանջից, աշխատակիցները դժգոհում են նաև աշխատանքային պայմաններից, որոնք էլ ավելի մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը։
«Արտադրամասում նույնիսկ չկան օդափոխության համակարգեր, որտեղ օգտագործվում են բազմաթիվ թունավոր նյութեր։ Աշխատակիցների առողջության պահպանության առումով նվազագույն պայմանները նույնիսկ բացակայում են։ Կարող ենք ասել, որ միտումնավոր կերպով մարդու առողջությանը վնաս է հասցվում»,- ասաց աշխատակիցը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԶՄՊԿ-ի աշխատակիցները աշխատանքային պայմաններից դժգոհում են։ Թե՛ 2021թ․-ին, թե ՛ 2023թ․-ին աշխատակիցները գործադուլեր իրականացրեցին, սակայն իրավիճակը մնաց անփոփոխ և դեռ շարունակվում են աշխատակիցների իրավունքների ոտանահարման դրվագները։ Ակցիայի մասնակիցները մտածում են՝ գուցե գործատուն օգտվում է առիթից, որ համայնքում հիմնական զբաղվածությունն ապահովում է հենց կոմբինատը և «աշխատանքից հեռացնելու» սպառնալիքով փորձում լռեցնել աշխակիցներին։
«2018թ․-ից ի վեր մեր աշխատավարձերի բարձրացում չի եղել»,- Pnorama.am-ի հետ զրույցում ասաց գործադուլ անող աշխատակիցներից Հայկը։
Նրա խոսքով՝ աշխատակիցների մեծ մասն այս պահին գործադուլ է անում դրսում, մի մասը՝ մեքենանների մեջ են, մյուս մասն էլ՝ հենց աշխատավայրում։ Այսինքն՝ կոմբինատի աշխատակիցների հիմնական մասն այս պահին գործադուլի մեջ է։
«Մենք խաղաղ ակցիա ենք իրականացնում՝ ներկայացնելով մեր արդարացի պահանջը»,- նշեց Հայկը։
Նա շեշտեց, որ շարունակելու են գործադուլն այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց պահանջների բավարարմանը։
Ինչ վերաբերում է էկոլոգիական խնդիրներին, ապա գործարանն աշխատում է խորհրդային տարիներից վեր , հետևաբար, դժվար չէ պատկերացնել, թե ինչ ահռելի վնասներ են հասցվել շրջակա միջավայրին։ Բնակիչների խոսքով՝ Քաջարան քաղաքի վրա շաբաթը երկու անգամ փոշու ամպ է գոյանում։
«Երեք օրը մեկ այնպիսի փոշու ամպ է բարձրանում, որ օրվա ընթացքում 3-4 միլիմետրանոց փոշու շերտ է նստում և՛ լվացքի վրա, և՛ մեքենաների վրա։ Սա ակնհայտ խնդիր է, որը տեսանելի է բոլորին։ Բաց հանքը ևս վնասներ է հասցնում էկոլոգիային և դատարկ ապարակույտի ձայները, որոնք երբեք չեն դադարում։ Կարող ենք ասել՝ քաղաքը հանքի մեջ է»,- ասաց բնակիչը, որը չցանկացավ՝ իր անունը հրապարակվի։
Նշենք, որ ԶՊՄԿ-ն Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունն է, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Հանքավայրի տարածքը կազմում է 421.2 հա՝ 550 միլիոն տոննա հանքաքարի պաշարով։ ԶՊՄԿ-ն 2016 թվականից արդյունահանում է տարեկան 22 միլիոն տոննա հանքաքար։Արտադրանքի մեջ օգտակար մետաղների կոնցենտրացիան բարձրացնելու նպատակով օգտագործվում են տարբեր քիմիական միացություններ, որոնց մի մասն արտանետվում է մթնոլորտ։ Մյուս մասը մնում է արդյունաբերական թափոններում և շրջակա միջավայր է թափանցում տեղումների հետ՝ ջրային հոսքերի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլ անող աշխատակիցներին ուղարկել հարկադիր պարապուրդի
- 99 ու 9 տոկոսը վարկերով են ապրում. ԶՊՄԿ աշխատակիցներ
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. Hetq
- Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատարանում պարտվել է Tert.am-ին
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 %-ն անցել է պետությանը, բայց շահաբաժիններից եկամուտը նվազում է 2021թ.-ի մակարդակ. Արթուր Խաչատրյան