
Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածած արցախցին ձերբակալվել է
Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։
Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նշենք, որ տեսանյութը հրապարակող Ղարիբ Բաբայանն արցախցի է։
Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրեր առաջ հրապարակված տեսանյութի համար, որտեղ ազերիները Երևանի հրապարակում Ղարաբաղ֊Ղարաբաղ էին երգում, քրեական գործ հարուցվեց հրապարակողի նկատմամբ։ Փաստորեն այն որ ազերիները զվարճանում են Հանրապետության հրապարակում դա հեչ, այն որ մեր ոստիկանությունն ու ԱԱԾ չեն վերահսկում իրավիճակը` էտ էլ հեչ, բայց ով որ հանրային հնչեղություն է տվել, դա հանցագործ է։
Ղարիբ Բաբայանի վրա գործ հարուցելը դա անհեթեթության վերջն է, նամանավանդ այն պարագայում, երբ պարոն Բաբայանը չի թաքցնում, թե ով է իրեն ուղարկել այդ տեսահոլովակը և ինչպես է դա հայտնվել նրա մոտ»։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Քրվարույթ է նախաձեռնվում Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողների տեսանյութը հանրայնացնողների դեմ
- ԱԱԾ-ն պարզել է՝ ովքեր են Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողները
- Ամո՛թ։ Երևանի կենտրոնական հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ».ՌՀԱԿ