
Արդյո՞ք Փաշինյանը երեկ թափանցիկ ասում էր, որ Տիգրան Ավինյանն է ԱՆԻՖ-ի դե ֆակտո պատասխանատուն
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչած մի հարցին՝ ԱՆԻՖ-ի վերաբերյալ, նա տվեց բավականին ուշագրավ մի պատասխան, ասելով, թե դա վստահության չարաշահում եւ խայտառակություն է:
Հարցի մի կողմն այն է, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած զգայական կատեգորիայով է գնահատում մի երեւույթ, որը ունի քրեաիրավական գնահատականի կարիք, քանի որ վերաբերում է պետական փողերի ծախսին, իսկ դե ֆակտո՝ մսխմանը:
Սակայն, ուշադրության եմ ուզում արժանացնել հարցի մյուս ասպեկտը: ԱՆԻՖ-ը, կամ այլ կերպ ասած պետական հետաքրքրությունների հիմնադրամը, ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո: Այն դե ֆակտո փոխարինեց ռազմավարական նախաձեռությունների հիմնադրամին, որ ստեղծվել էր Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, եւ որը սակայն, ուշադրություն, չէր գործում պետական միջոցներով: Ռազմավարական նախաձեռնությունների այդ հիմնադրամի ծախսը իրականացվում էր մասնավոր միջոցններով, եւ ի մասնավորի՝ Ռուբեն Վարդանյանի միջոցներով
Թերեւս կհիշեք, 2018 թվականին Մոսկվայում հայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման ընթացքում նրա պոլեմիկան Ռուբեն Վարդանյանի հետ, որը Փաշինյանին հարց էր ուղղել հենց այդ առնչությամբ, թե ինչու՞ եք լուծարում ռազմավարական նախաձեռնությունների հիմնադրամը:
Անկասկած, դա Փաշինյանի քաղաքական որոշումն էր, որը Ռուբեն Վարդանյանին չէր համարում քաղաքական եւ թերեւս գաղափարական յուրային, ըստ այդմ չէր պատրաստվում նրա հետ իրականացնել ռազմավարական աշխատանք, չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը փաստորեն պատրաստ էր ֆինանսավորել այդ աշխատանքը: Միեւնույն ժամանակ, հասկանալի է նաեւ, որ Վարդանյանն ինքն էլ դա շարունակելու պատրաստակամություն կհայտներ միայն համախոհության պարագայում: Ըստ այդմ, մեծ հաշվով շատ բնական է, որ չունենալով համախոհություն, Փաշինյանը չշարունակեց աշխատանքը ռազմավարական նախաձեռնությունների այդ մեխանիզմով:
Բայց, դրա փոխարեն ստեղծվեց արդեն պետական փողով աշխատող կառույցը, ընդ որում, ինչպես հետո պարզվեց, այսպես ասած աստղաբաշխական աշխատավարձերով եւ խիստ կասկածելի ու ցածր էֆեկտիվությամբ: Ըստ էության, այդ կառույցը, որ ըստ տրամաբանության պետք է ապահովեր ռազմավարական զարգացման նախաձեռնության միտված մշակումներ, զբաղված էր օրինակ միջին ու մանր բիզնես ծրագրեր ֆինանսավորելու կասկածելի գործերով:
Եվ այստեղ, ուշադրություն՝ ԱՆԻՖ խորհրդի նախագահը, ինչպես հայտնի է, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր, որն այդ կարգավիճակը թողեց միայն քաղաքապետ դառնալուց առաջ:
Հիմա հարց է առաջ գալիս, երբ Նիկոլ Փաշինյանը նախօրեի ասուլիսում ԱՆԻՖ վերաբերյալ հարցին պատասխանում է, որ եղել է վստահության խայտառակ չարաշահում, արդյո՞ք դա վերաբերում է նաեւ ԱՆԻՖ խորհրդի նախագահ եղած Տիգրան Ավինյանին:
Որովհետև, ըստ իս դա շատ էական է ներիշխանական հարաբերությունների համակարգը հասկանալու համար: Արդյո՞ք Փաշինյանը երեկ անուղղակկի, բայց շատ թափանցիկ ասում էր, որ նաեւ կամ հենց Տիգրան Ավինյանն է ԱՆԻՖ դե ֆակտո պատասխանատու լինելով, «խայտառակ» կերպով չարաշահել իր վստահությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
- ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան
- ԱՆԻՖ-ի գործով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. Դատախազություն
- ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի. Բաբկեն Թունյան
- Անիֆ-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Գևորգ Պապոյան
- ԱՆԻՖ-ում չարաշահումների գործով դեռ մեղադրյալ չկա
- Այո, ԱՆԻՖ-ում կան ձախողումներ. Փաշինյան