
Վտանգավոր նախադեպ եք ստեղծում, պետք է սկսեք կառավարության նոր ու թանկանոց «Volvo»-ներից. Խաչատրյանը՝ ՊՎԾ ղեկավարին
«Պետական վերահսկողության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթն այսուհետ վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
«Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ֆինանասների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը, հայտնի որպես ԿՌՈՒ, վերակազմավորման արդյունքում դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է Պետական վերահսկողության ծառայության ենթակայության ներքո»,- ասաց նա։
Ռ.Պետրոսյանը նշեց, որ նախագծով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները. «Մասնավորապես, ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտ են այսուհետ նախատեսվել վարչապետի և մարզապետերի աշխատակազմերը»։
Նա տեղեկացրեց, որ վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների, դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, արդյո՞ք չեն շատ խորանում համայնքի գործառությունների մեջ:
«Դոտացիան՝ ֆինանսական համահարթեցումը, որ տրվում է, դա համայնքի գումարն է, պետությունը չի տալիս։ Այսինքն, եթե համայնքի ղեկավարը վատն է, ավագանին կարող է իրեն անվստահություն հայտնել, նոր ընտրություններ կարող են լինել։ Դոտացիան պետության լավությունը չէ, դա իրենց գումարն է։ Բավականին վտանգավոր նախադեպ եք ստեղծում։
Կարծում եմ, պետք է ձեր վերահսկողությունը սկսեք կառավարության նոր ու շքեղ, թանկանոց «Volvo»-ներից։ Մտնել դոտացիաների մեջ, ճիշտ չէ։ Սուբսիդիաների, սուբվենցիաների, այո, մնացածն իրենց գումարն է»,- ասաց Ա.Խաչատրյանը։