
Փորձագետ. Ադրբեջանը «զադնի է դնում» Իրանի հետ հարաբերություններում միտումնավոր կերպով պահպանվող լարվածության մարտավարությունից
«Ադրբեջանը «զադնի է դնում» Իրանի հետ հարաբերություններում միտումնավոր կերպով պահպանվող լարվածության մարտավարությունից, որը շարունակվում էր շուրջ 1 ամիս»,-գրում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով, այս մարտավարությունն ինչ-որ փուլում առաջնորդել էր անգամ անձամբ Իլհամ Ալիևը՝ տարեսկզբյան ասուլիսում հնչեցրած հանդուգն հակաիրանական հայտարարություններով և լարվածությունը չնվազեցնելով նույնիսկ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ հունվարի կեսերին նաև Ադրբեջան կատարած այցից ու անցկացրած բարձր մակարդակի թեմատիկ բանակցություններից հետո։
«Եվ այսպես, փետրվարի 1-2-ին Թեհրան է այցելել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հանդիպել ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչիի, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քյամալ Խարազիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունների վերաբերյալ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ այցի նպատակն իրավիճակը կառավարելիության հուն վերադարձնելն է։
Վերոնշյալի համատեքստում ամենակարևոր հարցն այն է, թե ինչու՞ է Բաքուն «վերանայում» մարտավարությունը։ Ուշագրավ է նաև լարվածությունը թուլացնելու ձևը. այն է՝ իրավիճակը պարպվում է ոչ թե իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցից հետո, այլ՝ Ալիևի բանագնացի։ Սրանով Բաքուն հստակ արտաքին ուղերձ է հղում Ադրբեջան-Իրան լարվածության այլ շահառուներին՝ ընդգծելով, որ ինքն է հարաբերություններում «տոն թելադրողը»։
Իսկ լարվածությունը թուլացնելու նպատակը, չի բացառվում, պայմանավորված է Բաքվի քաղաքականության առաջնային օրակարգ վերադարձած «Զանգեզուրի միջանցքի» խնդրով՝ հաշվի առնելով մի կողմից Թեհրանի չափազանց զգայուն դիրքորոշումն այս հարցի հետ կապված, մյուս կողմից՝ Հայաստանի և Արևմուտքի դեմ որպես շանտաժի կարևոր գործիք օգտագործվող «միջանցքին» այլընտրանք համարվող իրանական երթուղու խաղաքարտի բանեցման կիրառական հնարավորությունը։ Որպեսզի վերջին հանգամանքն ավելի ազդեցիկ լինի, պետք է առնվազն թեմայի ակտիվացման համար քարոզչական դրական միջավայր, որը ներկայում լիովին բացակայում է»,-նշել է Պետրոսյանը։