
«Ժողովուրդ». Ինչ սպասվում USAID-ի հայաստանյան գրասենյակին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թրամփի վարչակազմը հերթով փակում է ամերիկյան՝ միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցները: Երեկ հայտնի դարձավ, որ փակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար: Կազմակերպության աշխատակիցներին կեսգիշերն անց էլ. փոստով ծանուցում են ուղարկել՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ:
Ի դեպ, գրասենյակը փակելը Թրամփի և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում:
«Այդ կազմակերպությունը ղեկավարվում է արմատական խելագարների խմբի կողմից», – ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը:
«Ժողովուրդ» օրաթերթը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակին և ծրագրերին, որոնք այս կազմակերպության աջակցությամբ են իրականացվում:
«Տեղեկությունները շատ հակասական են. երբեմն որոշ հուսադրող տեղեկություններ են ստացվում, երբեմն էլ Թրամփի և Իլոն Մասկի հայտարարությունները, որ վճռական են տրամադրված կազմակերպությունը փակելու հարցում:
Ինչ վերաբերում է USAID-ի հայաստանյան գրասենյակին, ապա ես չեմ կարող իրենց փոխարեն որևէ բան ասել, իրենք էլ մեկնաբանություն չեն տալիս: USAID-ի ծրագրերից օգտվող կազմակերպություններից մեկը նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր, դրամաշնորհ ունեինք, բայց հունվարի 25-ին մեզ internews Հայաստանից տեղեկացրին, որ սառեցվել է ծրագիրը 90 օրով, ոչ մի ծախս չի իրականացվելու՝ մինչև նոր հրահանգներ լինեն:
Ապագայի համար որևէ հստակ տեղեկություն չկա, անորոշ է՝ կշարունակվի՞ ծրագիրը, թե՞ ոչ:
ԱՄՆ դատախազությունն իր եզրակացությունն է ուղարկել դատարան, որ այս որոշումը հակասում է օրենսդրությանը, դատարանում պետք է քննարկում լիներ:
Այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են կնքել իրենց ծրագրերն իրականացնելու համար, գործ են ունեցել ամերիկյան պետության հետ, և սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է այն իր կնքած պայմանագրերին և պարտավորություններին տեր կանգնելու»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք, USAID-ն ստեղծվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում…
Հ.Գ. Թրամփը մտադիր է USAID-ն միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին և կրճատել աշխատակազմը։ Սպասվում է, որ Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։