
Սա ինքնաբուխ ընդվզում է, չունի որևէ քաղաքական երանգ. ԶՊՄԿ աշխատակիցները շարունակում են գործադուլը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բազմաթիվ աշխատակիցներ, արդեն հինգերորդ օրն է, գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։ Բողոքի ակցիայի մասնակիցները համբերատար են իրենց պահանջների բավարարմանը հասնելու գործում։
Վերջին երկու օրերի ընթացքում քվեարկություն է կազմակերպվել, որի ընթացքում աշխատակիցները կարող են անանուն քվեարկել՝ պատասխանելով «աջակցո՞ւմ են գործադուլի պահանջին, թե՞ ոչ» հարցին։ Գործադուլին ու դրա մասնակիցների կողմից բարձրացված պահանջներին կողմ է արտահայտվել 2 442 մարդ։
«Դա աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 53 տոկոսն է։ Եթե հաշվի առնենք երևանյան ու մյուս գրասենյակները, որոնք գտնվում են Քաջարանից ու ազդակիր համայնքներից դուրս, ապա բավականին մեծ տոկոս է։ Աշխատակիցները խնդիրը հստակ ձևակերպել են ու սպասում են խնդրի հանգուցալուծմանը։ Ակնհայտ է, եթե խնդիրը չի լուծվում, գործադուլը շարունակվում է, բաց ենք, կառուցողական ենք, առաջնորդվում ենք չվնասելու սկզբունքով, աշխատավայրերում անհրաժեշտ թվով աշխատակիցները միշտ տեղում են, անվտանգությունն ապահովված է։ Աշխատակիցներն հերթափոխի ընթացքում բոլորն իրենց տեղերում են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Վահե Մխիթարյանը։
Նրա խոսքով, կողմերը պետք է գան ընդհանուր հայտարարի, լինի երկկողմ բարի կամքի դրսևորում։
«Ես պետք է կրկին շեշտեմ, որ սա զուտ աշխատավորական ընդվզում է սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակով։ Այն չունի ու չի կարող ունենալ որևէ քաղաքական երանգ, մենք տեսնում ենք, որ արդեն շահարկումներ են արվում, շշուկներ են հասել։ Սա համակարգող խորհրդի պաշտոնական արձագանքն է, քաղաքական որևէ երանգ բողոքի ակցիան չի կարող ունենալ։ Սա ինքնաբուխ ընդվզում է, ունի համակարգող խորհուրդ»,-ասաց Վ. Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղական ժողովրդավարության ձևավորման բացառիկ երևույթի ականատեսն ենք․ Դուլգարյանը՝ ԶՄՊԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին
- ԶՊՄԿ աշխատակիցների այսօրվա գործադուլն ամենաբազմամարդն է. Ակցիայի մասնակից
- Լուրեր են տարածվում, որ կարող է ուժային լուծում տրվի այս հարցին. Գործադուլավոր ԶՊՄԿ աշխատակից
- Շարունակելու ենք այնքան, մինչև հասնենք մեր պահանջների բավարարմանը. ԶՊՄԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիան շարունակում են խարույկի շուրջ
- Ինչի՞ չեն գալիս պատասխանեն մեր հարցերին. ԶՊՄԿ-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան
- ԶՊՄԿ-ի ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների, մեզ սպառնում են անընդհատ․ աշխատակից
- ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլ անող աշխատակիցներին ուղարկել հարկադիր պարապուրդի
- 99 ու 9 տոկոսը վարկերով են ապրում. ԶՊՄԿ աշխատակիցներ