
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի որդին կմիանա հոր և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ կուսակցությունից օրերս դուրս գալու դիմում գրած Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, կանդամակցի հոր և Հակոբ Ասլանյանի հիմնադրած Միասնական ազգային սահմանադրական կուսակցությանը: Հովսեփ Աղազարյանը կընդգրկվի նաև կուսակցության ղեկավար կազմում՝ վարչությունում, որը կհաստատվի փետրվարի 8-ի հիմնադիր համագումարում: Ի դեպ, Աղազարյանն ու Ասլանյանը որոշել են ֆուրոր անել՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը տապալելու մասին հայտարարություններով։ Հիշեցնենք․ հոր հետ կապված իրադարձություններից հետո Հովսեփ Աղազարյանին հեռացրին էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքից, կուսակցությունից էլ ինքը հեռացավ՝ «սեփական դիմումի համաձայն»։
Ի դեպ, իշխանական շրջանակներում երեկ լուրեր կային, որ փետրվարի 11-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերին, այնուամենայնիվ, հնարավոր է, որ դատախազը գա Աղազարյանի հետևից, սակայն, դատախազության աղբյուրների փոխանցմամբ, երեկվա դրությամբ որևէ գործընթաց այդ հարցով չկար»։
Շարունակելով թեման՝ «Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստվում են «բումի»։ Այս օրերին ՔՊ-ից հեռացված, այժմ անկախ պատգամավորները նախապատրաստական թոհուբոհի մեջ են. պատրաստվում են փետրվարի 8-ին կայանալիք «Միացյալ ազգային սոցիալիստական» կուսակցության համագումարին, որը կայանալու է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Պատգամավորները, համագումարին ընդառաջ, հանդիպումներ են ունենում հանրային և քաղաքական դեմքերի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ասլանյանն ու Աղազարյանը այդ օրը իշխանափոխության կոչերով են հանդես գալու: Մասնավորապես, Հովիկ Աղազարյանը հայտարարելու է, որ հաջորդ ընտրություններին, լինեն դրանք հերթական, թե արտահերթ, որևէ դեպքում չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը։ Աղազարյանն ու Ասլանյանը կհայտարարեն նաև ընտրություններին մասնակցելու իրենց պլանների մասին։
Ի դեպ, «Ժողովուրդի» տեղեկություններով՝ տարբեր ժամանակներում ՔՊ-ից նեղացած ու կուսակցությունը լքած շատ անդամներ միացել են Հովիկ Աղազարյանի և Ասլանյանի նորաստեղծ կուսակցությանը, որոնց կտեսնենք համագումարին»։
Մանրամասները թերթերի այսօրվա համարներում։