
Դեմոյանը՝ Եղիշե Կիրակոսյանին. Փաշինյանի հայտարարությունից հետո երկու գործողություն կարող եք անել
Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հրապարակային կերպով դիմել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին.
«Երեկ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ինչ որ պայմանների դիմաց հետ վերցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցադիմումները: Դրանից հետո երկու գործողություն կարող եք անել`
ա. կամ հայտարարում եք, որ իշխանությունները Ձեզ իրավական թրաֆիքինգի են ենթարկել ու առուծախի առարկա են դարձրել, ուստի հրաժարվում եք հետայսու ներկայացնել Հայաստանը միջազգային դատարաններում, կամ շարունակում եք պետբյուջեի հաշվին մեկնել Եվրոպա` ի սկզբանե վաճառքի հանված այդ հայցադիմումները սպասարկելու համար, այսպիսով վատնելով հարկատուների գումարները:
բ. Ի նշան բողոքի դուրս եք գալիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմից, որպես իրավաբան քաջ գիտակցելով, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ դնող ժխտողական հայտարարությունները քրեորեն պատժելի են Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով:
Հակառակ պարագայում, ես շարունակաբար հիշատակելու եմ ծանր հանցագործությունների այն շարքը, որում որպես հանցակիցներ մեղադրվում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում` Դուք, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և իր որոշումով այդ Խորհուրդը ստեղծած Նիկոլ Փաշինյանը»։