
Ադրբեջանը Ռուսաստանին ծանուցում է ուղարկել երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը դադարեցնելու մասին
Ադրբեջանի իշխանությունները ռուսական կողմին պաշտոնական ծանուցում են ուղարկել երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքը դադարեցնելու մասին։ Ինչպես փետրվարի 6-ին Report.az-ին հայտնել է աղբյուրը, Բաքուն այլևս արտաքին օգնության կարիք չունի։
«Մեր երկիրն ինքը դարձել է դոնոր և դրսի օգնության կարիքը չունի, հատկապես, երբ նման օգնությունը տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա, իսկ կազմակերպությունների կառուցվածքը բացահայտ հետախուզական բնույթ է կրում», - ասել է աղբյուրը։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ԱՄՆ-ին ծանուցում է ուղարկել հանրապետությունում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն լրագրողներին ասել էր.
«Ամերիկյան կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել երկրում ԱՄՆ ՄԶԳ գործունեության իրավական հիմքերի բացակայության և դրա դադարեցման մասին»։