
Կոբախիձե. Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030-ը ձեռնմխելի է, գնդակն այժմ Բրյուսելի դաշտում է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրանյուզին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը մինչև 2030 թվականը։
1tv.ge-ի հաղորդմամբ, նա խոսել է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների գործընթացում Բրյուսելի կողմից ավելի մեծ ճկունության անհրաժեշտության մասին։
Ըստ Իրակլի Կոբախիձեի, այժմ գնդակը Բրյուսելի դաշտում է, և միությանը անհրաժեշտ է ավելի շատ ճկունություն նոր անդամների նկատմամբ իր մոտեցման հարցում: Նրա խոսքով, Վրաստանը բավական զգալի մարտահրավերներ ունի եվրոպական բյուրոկրատիայի հետ, թեև ինքը բավականին լավատես է, որ 2030 թվականին երկիրը կդառնա Եվրամիության անդամ։
«Մենք անշեղորեն կշարունակենք շարժվել դեպի այդ նպատակը և հուսով ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումն ավելի արդարացի կլինի»,- ասել է վարչապետը։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանի և Եվրամիության միջև այսօր առողջ հարաբերությունների բացակայության պատճառը ոչ թե վրացական քաղաքականությունն է, այլ եվրոպական բյուրոկրատական քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, և եթե այդ քաղաքականությունը փոխվի, ամեն ինչ կբարելավվի։
«Մեր հարաբերությունների ներկա վիճակը մեզ համար անընդունելի է: Մենք շահագրգռված ենք Եվրամիության հետ առողջ հարաբերություններով, ինչն այս փուլում չենք տեսնում։ Բայց մենք համոզված ենք, որ դրա պատճառը ոչ թե վրացական քաղաքականությունն է, այլ եվրոպական բյուրոկրատական քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։ Այնպես որ, եթե այս քաղաքականությունը փոխվի, ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։