
Քաղաքական վերլուծաբան. Վենս էլ իհարկե իր հերթին վատ է վարվել հայկական պատվիրակության հետ
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյան-Ջեյմս Դեյվիդ Վենս հանդիպման վերաբերյալ տարածած հաղորդագրությանն ու պաշտոնապես հրապարակված լուսանկարին, գրում է.
«Ըստ ամենայնի Դոնալդ Տրամպը շատ վատ է վարվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ: Համենայն դեպս, դատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման լուսանկարից, Վենսին հատկացված են աշխատանքային այնպիսի սուղ պայմաններ, որ չկա հյուրերի հետ լուսանկարվելու որևէ այլ պատշաճ ֆոն, քան աշխատանքային սեղանը:
Վենս էլ իհարկե իր հերթին վատ է վարվել հայկական պատվիրակության հետ, չտեղեկացնելով, որ իր գրասենյակում չկա Հայաստանի հանրապետության դրոշ: Նա պետք է խնդրեր ՀՀ պատվիրակությանը, որ հանդիպման գնալիս իրենց հետ տանեն նաև ՀՀ դրոշ, որպեսզի աշխատանքային սեղանի ֆոնին լուսանկարում բացի ԱՄՆ պետական դրոշից և թերևս փոխնախագահի այսպես ասած խորհրդանշական դրոշից, լիներ նաև ՀՀ դրոշը»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ արձագանքել է.
«Փաշինյանի ամերիկյան այցի տխուր վերջաբանը: Տպավորություն է, որ ԱՄՆ փոխնախագահը սելֆի է անում Սպիտակ տուն այցելած տուրիստի հետ»։