
Դժվար էր մեծ մարդու կարճ կյանքի ահռելի մեծ պատմությունը ներկայացնել 90 րոպեում. «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է ֆիլմի ստեղծման պատմության մասին:
«Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը ինձ համար եղել է երկար տարիների երազանք, ամենակարևոր երազանքներից, նպատակներից մեկը ու փոքր քայլերով գնում էի իմ երազանքի հետևից։
Երևի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Հիշում եմ, երբ ծնվեց իմ աղջիկը, ես հասկացա, որ ես երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել, ու հիմա ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա:
Հետո սկսվեցին աշխատանքները: Առաջին մարդն, ում հետ կիսվել եմ հարազատներիցս բացի, եղել է Արամ Կարապետյանը, ում շատ սիրում եմ: Ինքը հենց առաջին վայրկյանից ինձ հավատացել է, ոգևորել ու ոգևորվել է:
Երբ հարց առաջացավ, թե ով պիտի լինի ֆիլմի ռեժիսորը, ինձ համար այդ հարցը քննարկման ենթակա էլ չէր, որովհետև ինքը պիտի լիներ: Ինձ համար շատ կարևոր էր, որ ինքը կարողանում է այդ ֆիլմը նայել իմ աչքերով:
Երկրորդ մարդը, ում մասնակցությունն էլ չի քննարկվել, դա եղել է Խորեն Լևոնյանը: Անգամ հարց չի առաջացել, ով պիտի Սպարապետի կերպարը ներկայացնի»,- ասել է Genetic Production -ի հիմնադիր, «Վազգեն. Վերջին Սպարապետ» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյան։
Ըստ նրա, դժվար էր մեծ մարդու կարճ կյանքի ահռելի մեծ պատմությունը ներկայացնել 90 րոպեի ընթացքում։
«Բարդ էր նկարահանման ընթացքը, շատ լարված, թվում էր, թե մենք պատերազմի մեջ էինք: Թիմը շատ լավն էր, պինդ էր, մի ընտանիքի նման էր, բայց պարտավորեցնող էր: Այնքան շատ էր ճիշտ անելու, չսխալվելու ցանկությունը, որ երբեմն թվում էր, թե խտանում է էմոցիաները ու հեսա պիտի պայթի, բայց ի սկբանե ես ինձ խոսք էի տվել, որ պետք է լինեմ, պինդ, ամուր, երբեք, ինչ էլ պատահի չպետք է խուճապի մատնվեմ, որպեսզի թիմն էլ խուճապ չզգա»,- նշել է Նոնո Սարգսյանը:
Ֆիլմը պրեմիերան կկայանա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
- Սկսվել են Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի նկարահանումները