
Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար։
Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումները հիմնական իրականացնում են երեք ընկերություններ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (ավտոբուսներով), «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ (տրոլեյբուսներով) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ (մետրոյով)։ Այդ երեք ընկերությունները առևտրային կազմակերպություններ են (փակ բաժնետիրական ընկերություններ), որոնց բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Երևան համայնքին։
QR կոդով «ուղետոմս»-ը, որը տրվում է քաղաքացիներին հանրային տրանսպորտով երթևեկելու համար՝ հիշյալ ընկերություններից ոչ մեկին չի պատկանում։ Ավելին` դրա վրա չկա ոչ մի տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի հետ առնչության մասին։
Այդ տոմսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի հետ կազմակերպական և իրավական իմաստով որևէ առնչություն չունեցող մասնավոր մեկ այլ առևտրային կազմակերպության՝ «Թել-Սելլ» ԲԲԸ (բաց բաժնետիրական ընկերության), որի ծառայություններից մարդիկ կարող են օգտվել բացառապես կամավոր հիմունքներով։
Այսինքն, Երևանի քաղաքապետարանը կամ տրանսպորտային առանձին ծառայություններ մատուցող ընկերություններ «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունները ուղետոմս չեն թողարկում և չեն իրացնում, իսկ քաղաքացիները պարտավոր չեն օգտվել մասնավոր կազմակերպությունների ծառայություններից։
Հ․Գ․ 2025 թվականի փետրվարի 8-ին 7 համարի ավտոբուսը նստած և 11 համարի ավտոբուսից իջած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա է փորձել հասկանալ ուղևորության ընթացքում, որն իրեն, վստահաբար չի հաջողվել»։
Հարակից հրապարակումներ`
- Բոյկոտը շարունակվում է. Մարության
- Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...և վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Քաղաքավարությունից դրդրված եմ 150 դրամ վճարել, բայց ուզում եմ միանալ բոյկոտին. բռնի տեղահանված արցախցի