
Ռուսաստանը պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին հարաբերությունների կարգավորման գործում. Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է ռուսական կողմի վճռականությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Նրա խոսքով, Մոսկվան հայ-ռուսական երկկողմ երկխոսության օրակարգում առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
«Ռուսաստանը վճռական է տրամադրել անհրաժեշտ օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի մշակման հարցում, ներառյալ՝ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակումը, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Կոպիրկինը` ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Նրա խոսքով, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։ Կոպիրկինը նշել է, որ այս տրամադրվածությունը հաստատվել է հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցություններով։
Նա հավելեց, որ ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, և Ռուսաստանը հաստատակամորեն պահպանում է իր տեղը որպես Հայաստանի հիմնական արտաքին առևտրային և ներդրումային գործընկեր։
«Մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչը մնում են մշակութային և հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում և միջանձնային շփումները, որոնցում մեծ դեր են խաղում հայրենակիցների կազմակերպությունները»,-ասել է Կոպիրկինը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը երբեք կապերի խզմանը, հարաբերություններում խնդրահարույց պահեր ստեղծելուն ուղղված քայլեր չի արել. Սերգեյ Կոպիրկին
- Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հետ