
ԶՊՄԿ-ն հրաժարվում է «Ինգո Արմենիա»-ի ծառայություններից
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրաժարվում է բժշկական ապահովագրություն իրականացնող «Ինգո Արմենիա» ընկերության ծառայություններից։ Պատճառը ընկերության կողմից կոմբինատի պահանջները կատարել չկարողանալն է։ Կոմբինատում պատրաստվում են նոր մրցույթ անցկացնել։
«Մենք անցած տարի մրցույթ ենք անցկացրել, հաղթեց մի ընկերություն, որի հետ մենք շատ խնդիրներ ունեցանք, քանի որ այն չի կարողանում իր առջև դրված պահանջները կատարել։ Մենք տեսնում ենք դրանից բխող ռեակցիան։ Ես միանշանակ երաշխավորում եմ, որ առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի»,-իր հարցազրույցում նշել է «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Նա մանրամասնել է, որ նոր մրցույթում հաղթելու պայմանը կլինի ոչ թե էժան գինը, այլ այն, որ կոմբինատին երաշխավորեն, որ իրենց պահանջները բժշկական ծառայությունների ապահովման առումով անառարկելիորեն կկատարվեն, ու որ հաղթող ընկերությունն ունենա այդ կարողությունը։
«Ես դա երաշխավորում եմ։ Ավելին, մենք մտածում ենք կոմբինատի ներսում մեր սեփական ապահովագրական ընկերությունը ստեղծելու մասին»,-ասել է Խուդոլին։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի աշխատակիցների բժշկական ապահովագրություն իրականացնում է «Ինգո Արմենիա» ընկերությունը։ Ավելի վաղ գրել էինք, որ «Ինգո Արմենիա»-ն Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով լուրջ խնդիրների է բախվել։
«Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ»,-հայտնել են կոմբինատից։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ունի բաժնեմաս, պետք է արձագանքի. Նազելի Վարդանյանը՝ ԶՊՄԿ-ում գործադուլի մասին
- ԶՊՄԿ աշխատակիցները կեսօրին ակցիայի են պատրաստվում. Ազատման հրամանները ոչ ոք չի ստորագրել
- Պատժամիջոցների տակ է ընկել նաև «Ինգո Արմենիա» ընկերությունը՞. Խնդրի հետ բախվել է ԶՊՄԿ-ն. «Փաստինֆո»