
Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին
Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին ո՛չ գործնական, ո՛չ տեսականորեն հնարավոր չէ։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով, Ռուսաստանը միանշանակ հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու իր արտաքին քաղաքականությունը և արտաքին տնտեսական գործընկերներին։
«Միևնույն ժամանակ, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին զուտ կամավոր անդամակցությունը կապված է եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում որոշակի պարտավորությունների հետ։
Ինչպես բազմիցս նշել են ռուս պաշտոնյաները, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունը, այսինքն՝ լիարժեք մասնակցությունը և՛ եվրասիական, և՛ եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին, անհնար է թե՛ գործնականում, թե՛ տեսականորեն»,- ասել է Կոպիրկինը։
Միաժամանակ նա նշել է, որ եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ բացահայտ հայտարարում են, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից դեռևս չերաշխավորված եվրոպական անդամակցություն ստանալուց առաջ, այսինքն՝ փլուզի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման։
«Այս փուլում մենք ելնում ենք Հայաստանի ղեկավարության՝ հանրապետության քաղաքական օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայի բացակայության մասին հայտարարություններից»,- ասաց դեսպանը։