
Կառավարությունն ունի բաժնեմաս, պետք է արձագանքի. Նազելի Վարդանյանը՝ ԶՊՄԿ-ում գործադուլի մասին
«Աշխատողները ցանկացած ժամանակ իրավունք ունեն ցանկացած պահանջ դնելու՝ աշխատավարձի, աշխատանքային պայմանների, անվտանգության վերաբերյալ, իրավունք ունեն գործադուլ հայտարարելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը՝ պատասխանելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի մասին հարցերին։
Նա նշեց, որ գործադուլի հայտարարման կարգը սահմանված է Աշխատանքային օրենսգրքով, եթե աշխատողները սահմանված կարգով հայտարարված գործադուլի մեջ են գտնվում, այդ ժամանակահատվածում Աշխատանքային օրենսգրքի համաձայն, իրավունք չունեն ազատել աշխատանքից։
Իրավաբան-էկոլոգի խոսքով, եթե հանքարդյունաբերության ոլորտում աշխատողները բողոքում են իրենց պայմաններից, խոսում է այն մասին, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում չի կարող գերակա ճյուղ լինել։
«Միշտ ասում են, որ դա ամենաշատ եկամտաբերն է, պետությանն ամենաշատ շահույթ է բերում, աշխատատեղեր է բացում և այլն, բայց այսօր տեսնում ենք, որ աշխատողները բողոքում են և ոչ միայն այդ հանքում։ Բոլոր հանքերից էլ դժգոհ են, աշխատավարձներն այդ պայմանների համար բավականին ցածր է, մարդիկ իրենց պահանաջները դնում են»,- ասաց Ն. Վարդանյանը։
Նա կարծում է, որ տվյալ դեպքում կառավարությունը նույնպես պատասխանատու է, քանի որ կառավարությունն ունի բաժնեմաս, բացի այդ, պատասխանատու է յուրաքանչյուր աշխատողի՝ հատկապես նման ծանր աշխատանքային պայմաններում աշխատող աշխատողների համար. «Տվյալ դեպքում կառավարությունն ունի բաժնեմաս, կարծում եմ, կառավարությունը նույնպես պետք է արձագանքի, որը մինչև օրս չի անում»։
Մանրամասն՝ տեսանյութում։