
ԶՊՄԿ աշխատակիցները կեսօրին ակցիայի են պատրաստվում. Ազատման հրամանները ոչ ոք չի ստորագրել
ԶՊՄԿ-ի գործադուլ հայտարարած աշխատակիցներն այսօր կեսօրին՝ ժամը 12-ին պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կոմբինատի մոտ։
«Գործատուն փորձում է ճնշել իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով ճնշել այս աշխատավորական ընվզումը, որը սոցիալական արդարության հասնելու համար է։ Կարող ենք ասել, կարծես թե սահլը տեղից շարժվում է»,- սոցցանցի իր էջում հայտարարել է համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
Նա նշել է, որ իրենց հետ հանդիպել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, նախատեսվում է հանդիպում Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի ու նրա տեղակալների հետ հանդիպում, առաջարկներ կան ԱԺ ներկայացուցչի կողմից՝ խնդիրը քննարկելու ու արժանապատիվ լուծում տալու։
Մխիթարյանի խոսքով, այսօր ժամը 12-ին պետք է վերահաստատել աշխատակիցների վճռականությունն ու հաստատակամությունը՝ այս աշխատանքային վեճին արժանապատիվ լուծում տալու համար։
«Բոլորս գիտակցում ենք, որ առաջին հերթին վնասներ է կրում աշխատավոր ժողովուրդը, պետությունը, սոցիալական գործընկերությունը։ Ինչպես գիտեք տարածված հաղորդագրությունից, մեր գործընկերներից մի քանիսն ազատվել են աշխատանքից։ Համակարգող խորհրդի անդամներից ոչ մեկ չի ստորագրել աշխատանքից ազատվելու հրամանաը, մենք բոլորս հանդիսանում ենք ԶՊՄԿ աշխատակիցներ»,-ասաց Մխիթարյանը։
Մինչ այդ ԶՊՄԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում մեր աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։
Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»։
Հիշեցնենք, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը խնդրի վերաբերյալ հայտարարել էր.
«Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։ Վերջիններիս հետ երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է։
Ուստի անհրաժեշտ է բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում և գրավոր արձանագրել մինչ այժմ բանավոր համաձայնության եկած երեք կետերը` աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման և ապահովագրության իրական գործարկման վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտ է ԶՊՄԿ-ում բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում. Էլեն Մանասերյան
- ԶՊՄԿ-ն սկսել է աշխատակիցների զանգվածային ազատումներ
- Գործադուլավորները երաշխիքներ են պահանջում. Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ-ում այս պահին
- ԶՊՄԿ տնօրինությունը փորձում է կոտրել աշխատավորական ընդվզումը. գործադուլը շարունակվում է
- «Оказывается» մենք իրավունքներ էլ ունենք.ՄԻՊ-ը ժամանել է Քաջարան․ ԶՊՄԿ-ի գործադուլ անող քաղաքացի
- ԶՊՄԿ-ն իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդումներ
- Գործադուլը ԶՊՄԿ-ի արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության տիրույթում գտնվող հարց է. Գևորգ Պապոյան
- ԶՊՄԿ տնօրինությունը մերժել է 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը
- Եթե ԶՊՄԿ-ի կոլեկտիվը ապահովում է մեծ եկամուտներ, ապա դա ինչ-որ ձևով պետք է փոխկապակցված լինի մարդկանց ստացած աշխատավարձերի հետ. Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք