
Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող 23 հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել Հայաստանի դեմ. Աբրահամյան
«Բաքվի դատարանում տեղի ունեցող հակահայ պրոցեսի ևս մեկ դրսևորում ցույց տվեց, որ Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող 23 հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, գործի մեղադրականի մի էական ուղղություն վերաբերվում է անկախության և ազգային ազատագրական պայքարի առաջին շարքերում գտնվող անձանց նկատմամբ Բաքվում խորը նստվածք թողած ու մինչև այժմ արտահայտվող մեղադրանքներին, որոնք նախորդ շրջանում հիմնականում քարոզչական թեզերով էր արտահայտվում, իսկ հիմա փորձ է արվում դրանց նոր որակում և «իրավական» փաթեթավորում տալ:
«Բացի այն հանգամանքից, որ մեղադրանքի ողջ տեքստը շինծու է և բացառապես քաղաքական, միջազգային ընկալման առումով էլ խիստ խոցելի է:
Սերժ Սարգսյանը` որպես այս թեմայով մշտապես թիրախավորվող գործիչ, իր դիրքորոշումներն արցախյան շարժումից մինչև պրոցեսի բանակցային էտապ ոչ միայն չի փոփոխել, այլ իր դիրքորոշումներում եղել է հրապարակային:
Ադրբեջանի նախագահը, ում երկրում մշտապես կեղծ գործեր են կարվում, այդ թվում` սեփական քաղաքացիների դեմ, 10 տարի Սերժ Սարգսյանի հետ տարբեր ֆորմատներով բանակցություններում ո´չ այսօրվա ագրեսիվ կեցվածքն է ընդունել, ո´չ էլ իր գործողությունների հիմքում նման դատարկ մեղադրանքներ դրել:
Իսկ հիմա Հայաստանի իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի` նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնություններն, ակտուալ է դարձրել և Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ»,- գրել է նա։