
Բաքուն պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի այսօր արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ երեկ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արևմտյան Ադրբեջան համայնքի նպատակների վերաբերյալ արված հայտարարությունները նպատակ ունեն խեղաթյուրել իրականությունը և մոլորեցնել համաշխարհային հանրությանը»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Նա հայտարարել է, որ Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ գնելով հարձակողական զենքեր, որոնք վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր.
«Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ:
Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»: