
«Էլեկտրիկ Երևան»-ի մասնակցի գործով ՄԻԵԴ-ը վաղը որոշում կհրապարակի
ՄԻԵԴ-ը վաղը կհրապարակի վճիռ Իշխանյանն ընդդեմ Հայաստանի գործով։ Մինչ վճռի հրապարակումը, ՄԻԵԴ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ դիմումատուն՝ Հովհաննես Իշխանյանն է, ազգությամբ հայ, ծնված 1988 թվականին։
Նա 10 տարի առաջ՝ 2015-ի հունիսին Երևանում էլեկտրաթներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի, առավել հայտնի որպես «Էլելտրիկ Երևան»-ի մասնակից է։
Գործը վերաբերում է զանգվածային նստացույցը ցրելուն ու դիմումատուի հետագա ձերբակալությանը։
Դիմումատուն պնդում է, որ նստացույցը ցրելն անհարկի և անհամաչափ միջոց էր, և իր հետագա ազատությունից զրկելը անօրինական էր, այն իրականացվել է առանց որևէ հիմքի։
Նա նաև բողոքել է, որ ոստիկանություն է եղել տևական ժամանակ թաց հագուստով, առանց սննդի կամ հանգստի, ինչն անմարդկային վերաբերմունք է։ Իշխանյանը նշել է, որ ազգային մակարդակում իր իրավունքները պաշտպանելու իրական հնարավորություն չի ունեցել։
Դիմումատուն նշում է, որ տեղի ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), 5-րդ (ազատության և անվտանգության իրավունք), 10-րդ (արտահայտվելու ազատություն), 11-րդ (հավաքների ազատության իրավունք) և 13-րդ (արդյունավետ պաշտպանության իրավունք) հոդվածների խախտում։