
ԶՊՄԿ գործադուլ. Ի վերջո մութ ուժերի ձեռքի գո՞րծ, թե՞ աշխատանքային վեճ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բողոքի ակցիան, որ շատերը որակեցին որպես ոչ գործադուլ, սադրիչների, նախկինների կողմից հրահրված, ի վերջո լուծվեց որպես աշխատակիցների ու կոմբինատի ղեկավարոթյան միջև աշխատանքային վեճ, գործատուն ստանձնեց պարտավորություններ։
Ի՞նչ տեղի ունեցավ այդ ընթացքում, որտե՞ղ կորան սադրիչները։ Փետրվարի 11-ին բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին հայտարարեց ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը մինչ այդ թեմայի վերաբերյալ քար լռություն էր պահպանում։
«Շնորհակալություն ԶՊՄԿ ղեկավարությանը աշխատավորների բարձրաձայնած խնդիրներն արձանագրելու և դրանք լուծելու հանձնառություն ստանձնելու համար։ Հուսով եմ՝ այսուհետ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված խնդիրների բարձրաձայնման համար բողոքի ակցիաների անհրաժեշտություն չի լինի, և հարցերը կլուծվեն ինստիտուցիոնալ եղանակով։ Այս համատեքստում խիստ կարևորում եմ Կոմբինատի արհիմիության պատշաճ գործունեության անհրաժեշտությունը»,-մասնավորապես գրել էր իշխանական պատգամավորը։
Ուշագրավ է, որ մինչ այդ պրոիշխանական քաղաքական գործիչներից ոմանք փորձում էին խնդիրը աշխատանքայինից տեղափոխել դավադրդրապաշտական հարթություն։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված ճգնաժամը վաղուց դուրս է եկել զուտ աշխատավարձային բողոքի շրջանակից և վերածվել է պետության կառավարման արդյունավետության, ազգային անվտանգության և տնտեսական ինքնիշխանության քննության։ Չի բացառվում, որ գործադուլը ուղղորդված է և դրա կուլիսներում կանգնած են նախկին օլիգարխիկ շահառուները՝ իրենց քաղաքական ու տնտեսական խաղերով։ Եթե նախկին համակարգի դերակատարները այսօր էլ ունեն լծակներ մանիպուլացնելու հարյուրավոր աշխատողների և ուղղորդելու գործընթացները, ապա հարց է առաջանում՝ ինչու՞ պետությունը դա չի կանխել»,-իր գրառումներից մեկում նշել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Պղնձամոլիբդենային գործարանից 500 մլն դոլար են հանել։ Հիմա Նիկոլի բառերով ուզում եմ դիմել իրեն, բա դու 7 տարի վարչապետ ես, չե՞ս պարզել, ով է հանել էդքան գումարը գործարանից»,-թեման շարունակել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը, որը արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կազմում Ա. Բաբաջանյանի հետ մի քանի անգամ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին։
Իշխանությունն ու դրա ներկայացուցիչները տարօրինակ կերպով այս ընթացքում լռում էին։ Բայց առավել տարօրինակ է Արհմիությունների կոնֆեդերացիայի միության ու Կոմբինատի արհմիության պահվածքը. փաստացի աշխատակիցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն զբաղված էին բիզնեսի շահերի պաշտպանությամբ։
«Արդեն երկու օր է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողների մի մասը դուրս չի գալիս աշխատանքի։ Տեղի ունեցածը գործադուլ չէ, քանի որ տվյալ դեպքում գործողությունները չեն իրականացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործադուլ կազմակերպելու և իրականացնելու իրավակարգավորումների պահանջներին համապատասխան»,-փետրվարի 2-ին հայտարարել էր Էլեն Մանասերյանը, որը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահն է։
Ուշագրավ է, որ դավադրություն ու սադրիչներ փնտրող նույն ուժերն օրեր անց հրապարակային կերպով հայտարարեցին, որ վեճն աշխատանքային է, աշխատակիցների բարձրացրած պահանջներն էլ՝ապահովագրության, աշխատավարձերի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման մասով բավարարվեցին։
Ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ բոորը փոխեցին իրենց խոսքը, ովքե՞ր էին այս ամենի հետևում կանգնած, ինչո՞ւ օրեր շարունակ անտարբերություն ցուցաբերող իշխանությունը սկսեց ցույց տալ, որ խնդրով զբաղվել են, մնում է գուշակություններ ու ենթադրություններ անել։
Ի դեպ, գուշակության յուրահատուկ մեթոդ էր առաջարկել «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, որի ղեկավարած քաղաքական ուժը Քաջարանում իշխող «Դեպի միասնություն» դաշինքի մաս է կազմում. ուշադիր հետևել սոցցանցերում վերջին օրերին այդ թեմայով արված գրառումներին ու դրանց հեղինակներին։
«Այդ խեղճ մարդկանց սոցիալական խնդիրների վրա հայտնի շրջանակները հեռուն գնացող քաղաքական հաշվարկներ են կառուցում, իսկ իշխանությունն առնվազն դիտորդի կարգավիճակ ուներ»,-նշել էր նա Panorama.am-ի հետ հարցազրույցում։
Փաստն այն է, որ նույն ուժերը նախ փոթորիկ սարքեցին` սլաքներն ուղղելով անհայտ, նաև նախկինների ուղղությամբ, ապա բարձրացրած փոթորիկն իրենց իսկ ձեռքով հանդարտեցրեցին։
Այս ամենում հատկապես լուրջ է ինստիտուտների խնդիրը, փաստացի ստացվում է, որ ոչ միայն պետական կառույցները չզբաղվեցին աշխատակիցների աշխատանքային իրավունքներով, այլև հասարակական սեգմենտն աշխատակիցների ու նրանց իրավունքների պաշտպանության փոխարեն սպասարկեց բիզնեսի շահը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են պայմանավորվել գործադուլ հայտարարած աշխատակիցներն ու ԶՊՄԿ-ն
- Աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը իրավասու մարմինները պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնեն․ ՄԻՊ-ը ԶՊՄԿ-ի գործադուլի մասին
- ԶՊՄԿ-ն հրաժարվում է «Ինգո Արմենիա»-ի ծառայություններից
- Կառավարությունն ունի բաժնեմաս, պետք է արձագանքի. Նազելի Վարդանյանը՝ ԶՊՄԿ-ում գործադուլի մասին
- Գործադուլավորները երաշխիքներ են պահանջում. Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ-ում այս պահին
- ԶՊՄԿ տնօրինությունը փորձում է կոտրել աշխատավորական ընդվզումը. գործադուլը շարունակվում է