
Զելենսկու Մյունխեն ժամանելուց առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ։ Մեքենայի ղեկին եղել է Աֆղանստանի 24-ամյա քաղաքացի։ Նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վերջին տվյալներով, առնվազն 28 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։
Առայժմ հայտնի չէ, արդյոք միտումավո՞ր է արել վարորդը, թե՞ ոչ։
Ոստիկանները միջադեպին վերաբերվում են որպես «կասկածելի հարձակում», և կասկածյալը ոստիկանությանը հայտնի է գողության և թմրանյութերի հետ կապված հանցագործություններով։
Աղբյուրի տեղեկություններով, մեքենան մխրճվել է արհմիությունների մասնակցությամբ ցույցի մասնակիցների մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել Ջեյմս Դեյվիդ Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մյունխեն ժամանելուց ժամեր առաջ։ Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվում է Մյունխենի անվտանգության համաժողովը: