
Ի՞նչ է անում սույն պաշտոնյան. Նաիրա Կարապետյան
«Երբ ասում եմ, որ Հայաստանը չունի արտաքին ռազմավարություն, առաջնահերթությունների դոկտրին, կորցրել է ինքնապաշտպանական բնազդները, էլ չեմ խոսում պարզ դիվանագիտական զսպվածության մասին, ինձ հակադարում են, թե շատ եմ վատատես»,-արձագանքելով ՔՊ-ական Սարգիս Խանդանյանի հանդիպմանը՝ գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Նա նշում է.
«Եկեք այս նկարի օրինակով բացատրեմ, թե ինչպես են նիկոլական իշխանական պաշտոնյաները կորցրել կապն իրականության հետ և երկիրը տանում են վերջնական կործանման:
Նկարում ձախ կողմինը ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, մարդ, ով ի պաշտոնե պետք է տիրապետի այդ գոյություն չունեցող ռազմավարությանը, պահպանի դոկտրինը և համակարգի խորհրդարանական դիվանագիտական խողովակները:
Եվ ի՞նչ է անում սույն պաշտոնյան: Երբ ամբողջ աշխարհը վերաձևավորվում է, երբ Թամփը գծում է լրիվ այլ կանոններ, երբ պետությունները շատ արագ փորձում են վերադիրքավորվել, երբ բոլորը՝ սկսած ՆԱՏՕ կուլուարներից մինչև ասիական ազդեցիկ կենտրոններ, քննարկում են գաղտնազերծված Թրամփ - Պուտին պայմանավորվածությունները՝ Ուկրաինայի պատերազմի ավարտի և խաղաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, ՀՀ արտաքին ճակատի ազդեցիկ այս պաշտոնյան, (խոսքը պաշտոնի մասին է), հանդիպում է Ուկրաինայի Ռադայի ղեկավարի հետ և «ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար»:
Հասկանու՞մ եք, սրանք մեզ ուր են տանում: Նիկոլի ամերիկյան այցից զրո եզրակացություն արած, Ֆրանսիայի այցի մեսիջներն անտեսած, ԱՄՆ-Ռուսաստան նոր հարաբերությունների մասին չլսած այս մարդիկ «ՀՀ ԱԺ-ի անունից աջակցություն են հայտնում»: Կամ ո՞րն է «խիզախ գործունեությունը»: Երկիրը տարիներով պատերազմի արհավիրքի մեջ պահելը, փաստացի հարյուր հազարավոր զոհերը, այդ թվից էլ ավելի շատ անտուն մնացած և տեղահանված քաղաքացիները, տրոհված և կորսված երկիրը - սա, պարզվում է, խիզախություն է:
Այս անծանոթ դեմքով բարձր պաշտոնյայի կշիռը պատկերացնելու համար մի փոքր համեմատական տանեմ մեր ոչ վաղ, բայց կայուն և հաղթական անցյալ, երբ ես ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ էի, Արտակ Զաքարյանն էլ՝ հանձնաժողովի նախագահ:
«Նախկինների օրոք» ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պարբերաբար երկրի ղեկավարի հետ ունենում էր քննարկումներ, առաջ քաշում անհրաժեշտ քայլեր և ԱԳՆ-ի հետ միասին արտաքին ճակատում գործում էր Հայաստանի արտաքին ռազմավարության և օրվա թելադրանքի հետ համահունչ՝ առաջնահերթ պահելով միայն ու միայն Հայաստանի շահերը, և պետք եղած ժամանակ հակադրվում էր գերտերությունների սպասելիքներին՝ հստակ և փաստարկված ներկայացնելով մեր երկրի համար անհրաժեշտ կետերի կատարումը:
Հայաստանի միջազգային բարձր հեղինակությունը Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, դիվանագիտական, նաև՝ խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերումներն ընդունում են անգամ Հանրապետականի ամենաջերմեռանդ քննադատները:
Իսկ հիմա անգամ Հայաստանի ղեկավարն է դարձել կամակատար, որևէ լուրջ նշանակություն չի տալս իր ելույթներում հնչած մտքերին, էլ ու՞ր մնաց նկարի ձախ կողմինը գիտակցի իր խոսքերի հետևանքները»։