
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին, ՀՀ ԱԺ անունից իր աջակցությունը հայտնել
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում Ռուսլան Ստեֆանչուկը, ողջունելով Սարգիս Խանդանյանի այցն Ուկրաինա, կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես` երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարևորությունը:
Սարգիս Խանդանյանը ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար և շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարևորությունը: Նա Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները, ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Ռուսլան Ստեֆանչուկը, կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդումը, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը և ժողովրդավարական զարգացման ուղուն:
Սարգիս Խանդանյանն Ուկրաինա է մեկնել` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


