
ԿԳՄՍՆ առաջարկում է միավորել կրթական հաստատություններ
ԿԳՄՍ նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծ է դրել քննարկման՝ առաջարկելով ԿԳՄՍ նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» և «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով ԿԳՄՍ «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է հաշվի առնելով ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների բարելավման և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակը պահանջը, ըստ որի Հանրապետությունում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների:
Նշված է, որ ՊՈԱԿ-ների օպտիմալացման (խոշորացման) արդյունքում «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ:
Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Ըստ նախագծի, միաձուլման հետևանքով կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ: