
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին:
Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը: