
Ալեքսեյ Նավալնիի մահվան տարելիցին մոտ 1.5 հազար մարդ էր գնացել Մոսկվայի Բորիսովսկոյե գերեզմանատուն
Ալեքսեյ Նավալնիի մահվան տարելիցին մոտ մեկուկես հազար մարդ եկել է Մոսկվայի Բորիսովսկոյե գերեզմանատուն, որտեղ թաղված է քաղաքական գործիչը։ Նավալնիի գերեզմանը ողողված է ծաղիկներով, գծանկարներով և գրառումներով։ Ծաղիկներ են դրել նաև մի շարք երկրների դեսպաններ։ Այդ մասին գրում է դրեմանական «Դոյչե վելեն»։
Քաղաքական գործչին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության միանգամից մի քանի քաղաքներում։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 12 մարդու, ովքեր եկել էին հարգելու ընդդիմության առաջնորդին: Շատերն ավելի ուշ ազատ են արձակվել՝ առանց արձանագրության կազմման։ Սանկտ Պետերբուրգում մի տղամարդ է բերման ենթարկվել, որը փորձել է Նավալնիի մեջբերումով թղթի կտոր կցել քաղաքական բռնաճնշումների հուշարձանին։
Ռուսական Telegram ալիքները գրում են Պերմում, Ուխտայում, Նովոսիբիրսկում, Ուլյանովսկում և Բելգորոդում ձերբակալվածների մասին։
Հատուկ ռեժիմի գաղութում զոհված Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաև տասնյակ տարբեր երկրներում։ Փետրվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 19:00-ին, Բեռլինի Կայզեր Վիլհելմի հուշահամալիրում տեղի կունենա քաղաքական գործչի հիշատակի երեկո։ 16։00-ին նախատեսված է միջոցառում Գերմանիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը հայտարարել է, որ հուսադրող է ռուսների խիզախությունը, ովքեր չէին վախենում հարգանքի տուրք մատուցել ընդդիմության առաջնորդին։ «Եվ դա հաստատում է այն, ինչ նրա կինը՝ Յուլիա Նավալնայան մեկ անգամ չէ, որ ասել է ինձ՝ «Ռուսաստանը Պուտինը չէ, Պուտինը՝ Ռուսաստանը չէ», - գրել է նա Instagram-ում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Նավալնիի մասին գրառում է հրապարակել X սոցիալական ցանցում. «Մեկ տարի առաջ մահացել է Ալեքսեյ Նավալնին, քանի որ նա պայքարել է Ռուսաստանում ժողովրդավարության և ազատության համար: Պուտինը դաժանորեն ճնշում է ազատությունը և նրանց, ովքեր պաշտպանում են այն: Այդ իսկ պատճառով Նավալնիի սխրանքն ավելի համարձակ էր: Նրա քաջությունը շատ բան փոխեց, և այն շարունակվում է նույնիսկ նրա մահից հետո»: