
Չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ. Պարգը՝ եվրատեսիլյան երգի մասին
«Աշխատասեր եմ, պատրաստ եմ ելույթս ավելի ու ավելի զարգացնել, կրկնակի ավելի լավ ելույթ ունենալ Բազելում»,- ասուլիսում ասաց Պարգը՝ Պարգև Վարդանյանը, ով ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ-2025 երգի միջազգային մրցույթում։
Նա նշեց, որ պատրաստ է իր էներգիան փոխանցել նաև եվրատեսիլյան բեմից։
Հիշեցնենք, որ Պարգն ընտրվել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում ելույթ ունեցած 12 մասնակիցներից։ Հայաստանյան պատվիրակն ընտրվել է հեռուստադիոտողի SMS քվեարկության և Հանրային հեռուստաընկերության ժյուրիի, միջազգային ժյուրի քվարկությունների արդյունքում։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի պրոդյուսեր, Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ասաց, որ մինչև մայիս իրենց սպասվում է թեժ ամիսներ՝ առաջիկայում կլինի տեսահոլովակի նկարահանում, բեմադրության աշխատանքներ, PR- արշավ, պրոմոտուր։
«Ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որպեսզի այն էներգետիկան, որ տեսանք հայաստանյան բեմում Պարգի ելույթի ժամանակ, որը եղել է Պարգի հաջողության ու հաղթանակի գրավականը, տասնապատկենք ու տանք ամբողջ աշխարհին արդեն Եվրատեսիլի բեմից»,- ասաց Ծերունյանը։
Պարգը ներկայացնում է «Survivor» երգը, որի հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրատեսիլի հաղթող երգի հեղինակը)։
«Ես ունեմ երգ «Առաջ», մեսիջն է՝ քայլել առաջ, չնայել դժվարություններին։ Ինձ թվում է՝ այս երգը դրա երկրորդ մասին է։ Միտքն այն է, որ չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ։ Բոլորս էլ ունենում ենք դժվարություններ, բայց չպետք է կորցնենք մեզ, լույսը»,- ասաց Պարգը։
«Եվրատեսիլ-2025»-ի կիսաեզրափակիչները կկայանա Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


