
Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, ապա այն կարող է լրջորեն ազդել համաշխարհային զարգացումների վրա․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների՝ մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունները բնականաբար ընթանալու են փակ ռեժիմով։ Հայտնի է, որ բանակցային գործընթացի անվտանգության երաշխիքները տրամադրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, ով առանցքային դեր է խաղացել սպասվող հանդիպման կազմակերպման գործում՝ որպես երկու կողմերի համար ընդունելի հարթակ:
Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, ապա այն կարող է լրջորեն ազդել համաշխարհային զարգացումների վրա։
Հասկանալի է, որ բանակցությունների հիմնական նպատակը Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծումն է, ինչը երկու կողմերին թույլ կտա դուրս գալ ձգձգվող ճգնաժամից։
Եթե խոսք է գնում բարձր մակարդակի հանդիպման հնարավորության մասին, ապա կարելի է ենթադրել, որ առնվազն փոխհամաձայնություն է ձեռք բերվել մի շարք առանցքային կետերի շուրջ, որոնք կդառնան ապագա համաձայնագրի հիմնաքարերը.
Կարծում եմ, որ ձեռքբերված համաձայնության առանցքային հարցերից մեկն այն է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին:
ԱՄՆ-ը պաշտոնապես հրաժարվում է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրելու ծրագրերից և դա արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակներով։ Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա կրկին կարելի է ենթադրել, որ Ուկրաինան առաջիկայում պարտավորվելու է պահպանել չեզոք կարգավիճակ՝ դա ամրագրելով Սահմանադրությամբ և այլ պաշտոնական հայտարարություններով։
Այս պահանջին ի պատասխան՝ կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը երաշխավորում է առաջ չգնալ և չխորանալ արդեն զբաղեցրած տարածքներից այն կողմ:
Դատելով կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին կողմերի կոշտ դիրքորոշումներից, ենթադրելի է նաև սպասվող բանակցություններից առաջ ձեռք բերված հաջորդ պայմանը: Այն է՝ եթե կողմերից մեկը խախտում է պայմանավորվածությունը, ապա մյուս կողմը ստանում է գործելու լիակատար ազատություն։
Այսինքն՝ եթե ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ:
Իսկ եթե Ռուսաստանը փորձի առաջ շարժվել արձանագրված սահմաններից այն կողմ, ապա ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները լեգիտիմ իրավունք կստանան ուղղակի մասնակցություն ունենալ ՌԴ դեմ պատերազմին:
Այս պայմանը կարծում եմ գոյություն ունի և բավականին կոշտ պայման է, քանի, որ մինչ այս տեղի ունեցող գործընթացներից ակնհայտ էր, որ կողմերից ոչ մեկը չէր հավատում մյուս կողմի երաշխիքներին։
Հարկ է նշել նաև, որ, եթե ԱՄՆ և ՌԴ լիդերների հանդիպումը կականա, ապա քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն պետք է լինի:
Օրինակ՝ հետագա էսկալացիաների թուլացման նպատակով եվրոպական տարբեր տարածաշրջաններում կողմերի ռազմական ներկայության նվազեցումը, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի սառեցում:
Դատելով միջազգային լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է ասել, որ երկու կողմերն էլ ձգտում են հասնել համաձայնության։
ԱՄՆ նախագահի համար այն անկասկած արտաքին քաղաքական ձեռքբերում կլինի, որով նա կարող է ցույց տալ ընտրողներին, որ ինքն է պատերազմի դադարեցման և խաղաղության իրական երաշխավորը:
ՌԴ նախագահի համար՝ կլինի տարածքային ձեռքբերումներն ամրագրելու, հետագա էսկալացիայից խուսափելու և տնտեսության համար կայուն զարգացում ապահովելու իրական հնարավորություն»:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


