
Ականավոր դաշնակահար, հեղինակավոր մրցույթների մրցանակակիր Դմիտրի Մասլեևն անհամբեր սպասում է Հայաստանում հաջորդ ելույթին
«Արդեն երկրորդ անգամն եմ ելույթ ունենում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Շատ տպավորված եմ նրանով, թե երաժիշտները որքան նրբորեն են զգում մենակատարի մեկնաբանության մտադրությունները և որքան արագ ու նրբացգաց են արձագանքում»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած ելույթից հետո ասել է ականավոր դաշնակահար, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր, այդ թվում Չայկովսկու 15-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր և ոսկե մեդալակիր Դմիտրի Մասլեևը։
Նա նշել է, որ անսահման ուրախ էր կրկին հանդես գալ այդ հոյակապ համերգասրահում և հանդիպել երախտագետ հայ հանդիսատեսի հետ:
«Անհամբեր կսպասեմ հաջորդ ելույթիս»,- ասել է Մասլեևը։
Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ Մասլեևի կատարմամբ հնչել է Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: Նրա ելույթը մեծ ոգևորությամբ է ընդունվել երևանյան հանդիսատեսի կողմից:
Համերգի երկրորդ բաժնում հնչել է Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» մոնումենտալ, ինքնատիպ սիմֆոնիկ սյուիտը՝ բաղկացած 7 մասերից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Արեգակնային համակարգի մոլորակներին, որոնք տեսանելի են Երկրից՝ Մարս, Վեներա Մերկուրի, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն:
Դմիտրի Մասլեևը «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորաբաց «Հարմոնիկ» սրահում վարպետության դաս և կլոր սեղանի շուրջ քննարկում է անցկացրեց երիտասարդ դաշնակահարի հետ: Մասլեևը հանդիսանում է Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի դաշնամուրայն ծրագրի ղեկավարը: Հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նա պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում Հայաստանում: Այս անգամ դաշնակահարը երիտասարդների հետ աշխատել է Ռախմանինովի, Շումանի և Պրոկոֆևի ստեղծագործությունների վրա՝ բացահայտելով կատարողական վարպետության գաղտնիքներ, ոգեշնչելով նրանց ձգտել նորանոր նվաճումների:
Մասլեևն ասել է, որ շատ ոգևորիչ էր տեսնել երիտասարդների մեծ հետաքրքրությունը վարպետության դասերի հանդեպ. «Այս անգամ 5 տեղի համար ունեցանք 17 դիմում, հայտ էր ներկայացվել անգամ Իրանից, ընտրվելու դեպքում դաշնակահարը պատրաստ էր ժամանել Երևան: Տպավորված եմ մասնակիցների բարձր մասնագիտական մակարդակով։ Եվ ամենակարևորը, նրանք մեծ նվիրում ունեն, «վառվում» են իրենց գործով և անում են իրենց լավագույնը››:
Երիտասարդ կատարողների համար այսպիսի վարպետության ու մեծության երաժիշտ-կատարողների հետ դասերն ու շփումներն անգնահատելի են:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


