
Արմինե Օհանյան. Այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել՝ չեն էլ նկատել
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Մարդը հիշաչար արարած է` կարող է հարևանի հետ կատարված ողբերգությունը հաջորդ օրն իսկ մոռանալ, իսկ 20 տարի առաջ իրեն ասված մի թթու խոսքը հավերժ հիշել: Շատ քիչ մարդիկ կան, որոնք սեփական նեղացածությունը կարող են մի կողմ դնել, իրենց ուղղված վիրավորանքի վրա չկենտրոնանալ, պետության և հանրային շահը վեր դասել իրենց անձնական շահից, պետության ու հանրության դեմ ուղղված ոտնձգությունները կարևորել իրենց անձին ուղղված ոտնձգություններից:
Մարդն առհասարակ սուբյեկտիվ էակ է։ Նաև ընտրովի հիշողություն ունի և հենց այդ պրիզմայով է գնահատում բոլորին և ամեն ինչ: Դա է պատճառը, որ մեր ոչ հեռավոր անցյալից ոմանք ամենաշատը ընտրակեղծիքներն են հիշում, մոռանալով հաղթանակները, կամ՝ Հյուսիսային պողոտայից վտարվածների ողբն ու բողոքը մտապահել են, իսկ Հյուսիսային պողոտայի կառուցումը` «մոռացել», «Ա1+»-ի փակվելը հավերժ Քոչարյանի երեսով են տալիս (և ճիշտ են անում), իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել՝ չեն էլ նկատել:
Կամ՝ ոմանց համար 2016 թվականի 100 զոհն ավելի մեծ ցավ է, քան 2020-ի 5 հազար զոհերը: Այսօր արված ասֆալտը գովում են, իսկ նախկինների ժամանակ կառուցված Մոնումենտի ճանապարհը, Վահագնի թաղամասը, Դավթաշենի կամուրջը, առևտրի մեծ մոլերը, Վարդանյանների և «Տաշիրի» հիմնած այգիները, նորոգված գետնանցումները չեն էլ հիշում: Կամ՝ այսօր բերված ավտոբուսների համար շնորհակալ են իշխանություններին, իսկ այն, որ, ասենք, մի ժամանակ անգամ Երևանի բարձրահարկերն էին լվանում ու ներկում, «Երևան» գրությամբ նստարաններ էին տեղադրում ամբողջ քաղաքում` իսպառ ջնջվել է մարդկանց հիշողությունից:
Փոխարենը շատ լավ հիշում են, թե ինչպես էին իրենց թաղի մի քանի թափթփուկ նախընտրական ցուցակներ կազմում, անձնագրեր հավաքում, գազելներով ընտրության տանում մարդկանց, հետո 5 հազար դրամ բաժանում, ինչպես էին օլիգարխների հղփացած թիկնապահներն ու լակոտները իրենց վախի մեջ պահում: Եվ այս հիշողությունները ջնջել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ ստիպել, որ միայն լավ բաները հիշեն»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


