
Ռեյնոյի հիվանդություն`տարածված, բայց քիչ հայտնի
Ռեյնոյի հիվանդության իրազեկման միամսյակը, որն անցկացվում է ամբողջ փետրվար ամսվա ընթացքում, նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը Ռեյնոյի ֆենոմենի վերաբերյալ, հիվանդություն, որն ազդում է վերջույթների արյան շրջանառության վրա:
Շատերն անտեղյակ են այս հիվանդությունից, որովհետև այն դժվար է ախտորոշել, բայց այն ավելի տարածված է քան լեյկեմիյան, ցրված սկլերոզը և Պարկինսոնի հիվանդությունը միասին:
Ռեյնոյի հիվանդության իրազեկման ամիսը ամենամյա արշավ է, որը նախատեսված է լույս սփռելու Ռեյնոյի ֆենոմենի վրա՝ անոթային հիվանդության, որը հանգեցնում է դեպի վերջույթներ արյան հոսքի նվազմանը՝ սառը ջերմաստիճանի կամ սթրեսի պատճառով: Այս ամսվա ընթացքում տարբեր կազմակերպություններ, առողջապահական մասնագետներ և անհատներ միասին աշխատում են՝ տեղեկատվություն, աջակցություն և ռեսուրսներ տրամադրելու այս հիվանդությամբ ախտորոշված մարդկանց:
Ամեն փետրվարին անցկացվող Ռեյնոյի հիվանդության մասին իրազեկվածության բարձրացման միամսյակը, որպես հիշեցում է ծառայում՝ ակտիվ քայլեր ձեռնարկելու` հիվանդության ախտանիշների դեմ պայքարելու, հետազոտության համար միջոցներ հատկացնելու և հիվանդության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց աջակցելու համար:
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային «Հերացի» գիտահետազոտական կենտրոնից նշում են, որ Ռեյնոյի հիվանդությունը ազդում է վերջույթների արյան շրջանառության վրա, բայց կարող է ազդել նաև այլ տարածքների վրա, ինչպիսիք են` քիթը, ականջները և շրթունքները: Մարդիկ, ում մոտ գրանցվում է այս հիվանդությունը, ցրտի ազդեցությամբ ունենում են ձեռքերում և ոտքերում արյան շրջանառության վատթարացում: Ռեյնոյի համախտանիշով մարդիկ կարող են նկատել, որ ցրտին նրանց ձեռքի մատներն ու ոտքերը դառնում են սպիտակ կամ կապտավուն, և կարող է թմրածության զգացողություն առաջանալ: Երբ վերջույթները կրկին տաքանում են, դրանք կարող են կարմրել և ցավոտ դառնալ, քանի որ արյան հոսքը վերականգնվում է այրման զգացումով:
Հիվանդությունը բավականին տարածված է` օրինակ, Մեծ Բրիտանիայում այն ազդում է շուրջ 10 միլիոն մարդու վրա, իսկ ԱՄՆ-ում 15-ից 30 միլիոն մարդու վրա: Այն ավելի տարածված է կանանց մոտ, բայց կարող է ազդել յուրաքանչյուրի վրա:
Ուսումնասիրությունները վկայում են, որ Ռեյնոյի ֆենոմենը կարող է դիտվել կանանց 5-20%-ի և տղամարդկանց 4-14%-ի մոտ: Հիվանդության տարածվածությունը 60 տարեկանից բարձր անձանց շրջանում կազմում է 0.1–1%:
Այս հիվանդության երկու տեսակ կա: Առաջնային Ռեյնոյի հիվանդության դեպքերում դա տեղի է ունենում առանց որևէ նախորդող պատճառի: Երկրորդային Ռեյնոյի դեպքում կամ Ռեյնոյի ֆենոմենի դեպքում դա տեղի է ունենում շարակցական հյուսվածքի ախտահարման արդյունքում, օրինակ` սկլերոդերմիայի: Ենթադրվում է, որ Ռեյնոյի հիվանդության ախտանիշներով մարդկանց միայն 10%-ն է ունենում երկրորդային ձև:
Առաջնային Ռեյնոյի ֆենոմենը, ընդհանուր առմամբ, համարվում է բարորակ հիվանդություն, և հիվանդության առաջացման բնորոշ տարիքը 15-ից 30 տարեկանն է: Այն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդ կանանց մոտ և կարող է լինել ժառանգական: Առաջնային սինդրոմը ժամանակի ընթացքում կարող է վերանալ: Օրինակ, միջին տարիքի սպիտակամորթ կովկասաբնակների շրջանում անցկացված յոթամյա ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ռեմիսիան տեղի է ունեցել կանանց և տղամարդկանց 64%-ի մոտ` չնայած որոշ ախտանիշներ պահպանվել են ռեմիսիա ունեցողների շուրջ 20%-ի մոտ:
Ռեյնոյի հիվանդության ախտանիշները ներառում են.
• Չափազանց զգայունություն սառնության նկատմամբ
• Սպիտակ, կապույտ մատներ (ձեռքի և ոտքի)
• Արյան շրջանառության խանգարում
• Ցավ
• Թմրածություն
• Ծակծկոց
• Մաշկի խնդիրներ
• Քոր, կարմրություն և պուլսացիա (արյան շրջանառության բարելավման ժամանակ)
Ռեյնոյի ֆենոմենի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը դառնում է ավելի կարևոր, քանի որ ավելի շատ մարդկանց մոտ է սկսել ախտորոշվել այս հիվանդությունը: Չնայած Ռեյնոյի հիվանդության մասին իրազեկման ամիս անցկացնելու հատուկ պատճառները լայնորեն հայտնի չեն, նրա առաքելությունը պարզ է. բարելավել այս հիվանդությունն ունեցող մարդկանց կյանքը` կրթության, աջակցության և հետազոտության միջոցով:
Ռեյնոյի համախտանիշի ամբողջական բուժում չկա, բայց ախտանիշները հաճախ կարող են արդյունավետորեն կառավարվել կենսակերպի փոփոխությունների, դեղորայքի և երբեմն բժշկական ընթացակարգերի միջոցով, որոնք ուղղված են արյան հոսքի բարելավմանը և նոպաների հաճախականությունն ու սրությունը նվազեցնելուն:
Մի շարք դեղամիջոցներ կարող են նաև նպաստել կամ սրել Ռեյնոյի հիվանդությունը, քանի որ դրանք որպես կողմնակի ազդեցություն նեղացնում են արյան անոթները: Ռեյնոյի համախտանիշի համար կան տարբեր բուժօգնության միջոցներ՝ կախված դրա ծանրությունից: Ավելի մեղմ ախտանիշների դեպքում ինքնօգնության պարզ միջոցները, ինչպիսիք են ձեռքի տաքացուցիչների, ջերմային ձեռնոցների և գլխարկների օգտագործումը, կարող են բավարար լինել: Բայց նաև կարևոր է, որ ամբողջ մարմինը տաք լինի, և այստեղ կարևոր է կրել ազատ հագուստի մի քանի շերտ, ինչպես նաև ձեռնոցներ, տաք գուլպաներ և գլխարկ:
Կարևոր է նաև միատեսակ ջերմաստիճանային ֆոնը, քանի որ նույնիսկ փոքր փոփոխությունը կարող է նոպա առաջացնել։ Հնարավորության դեպքում պետք է խուսափել սառը սենյակներից և զգուշություն ցուցաբերել օդորակիչներ օգտագործելիս, քանի որ դրանք նույնպես կարող են նոպա առաջացնել:
Ծխախոտի ծուխը վնասակար է բոլորի համար, իսկ ծխելու ժամանակ 20 րոպեի ընթացքում ջերմաստիճանը կարող է իջնել մեկ աստիճանով:
Գնումներ կատարելիս ձեռքերը տաքացնելու համար հասարակական վայրերում օգտագործեք տաք օդի ձեռքի չորանոցներ:
Վերոնշյալ և մի շարք այլ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է երկար ժամանակ խուսափել նոպաներից և չթողնել, որ հիվանդությունը ազդի ձեր կյանքի որակի վրա: Եղե՛ք առողջ և իրազեկված:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան