
Մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս, միայն հացի համար էինք գնում խանութ. Պատմում է Արցախում մնացած Սարգիս Գալստյանի կինը
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը, որն այժմ Ադրբեջանի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով 18 տարվա ազատազրկման է դատապարտված, մինչև վերջ չի ընդունել մեղադրանքները: Նա այժմ ԱԱԾ ենթակայության «Կենտրոն» կալանավայրում է, ապրում է անցյալի մասին մտքերով: Այս մասին գրում է forrights.am-ը:
Փետրվարի 16-ին նա իր կնոջը՝ Մարգարիտա Շահնազարյանին է փոխանցել ԱԱԾ-ի խցում գրի առած մտորումները և վերջինս հրապարակել է դրանք: Ահա մի կտոր այդ գրառումից. «2023թ. սեպտեմբերի 20-ից հետո մեր տունը դարձել էր առաջին գիծ և թաղամասի տղամարդիկ հավաքվում էին մեր բակում։ Ստեղծվում է ինքնապաշտպանական խումբ։ Մինչև սեպտեմբերի 26-ը ոչ ոք դիրքերից չէր հեռանում, բայց այդ գիշեր, տեսնելով մեքենաների շարասյուները Շուշիի ոլորաններում, խուճապի են մատնվում և թողնում, հեռանում։ Նկարագրել աննկարագրելի տեսարանները այդ օրերի Ստեփանակերտից անհնար է։ Մենք շատ ենք կարդացել ցեղասպանության մասին տեսարանների, գաղթի ու տառապանքների պատմություններ, բայց արի ու տես, զեղասպանությունից 108 տարի անց այն կրկնվում է… Մարդկային խեղճությունն ու վախը հասել էր իր գագաթնակետին։ Անպատկերացնելի խուճապ էր ու սարսափ ու ընդամենը 4 օրում հայաթափվեց Արցախը, դատարկվեց ու հանձնվեց թշնամուն։ Մենք կործանեցինք և կորցրինք Հայրենիքը, հավերժ նզովքի դատապարտեցինք, չկարողացանք արժանի լինել մեր պապերի ու հայրերի ժառանգությանը»։
Մարգարիտա Շահնազարյանը համաձայնվել է զրուցել Forrights.am-ի հետ, ասելով, որ իր ամուսինը՝ Սարգիս Գալստյանը, այս օրերին տխուր է ոչ թե որովհետև բանտարկված է հանիրավի, այլ որովհետև իր կյանքը չէր պատկերացնում առանց Արցախի:
Հայտնի է, որ Սարգիս Գալստյանը այն 2-3 տասնյակ մարդկանցից է, որոնք դուրս չեկան Ստեփանակերտից և որոշ ժամանակ ապրեցին թշնամու տիրապետման տակ, դատարկված Ստեփանակերտում:
«Խանութներ, ռեստորաններ կային, բաց էին, բենզին էր վաճառվում, բայց մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս: Միայն հացի համար էինք գնում խանութ. Մնացած ամենը մեր տանը կար: Նստում էինք ավտո, գնում էինք խանութ, օրը մի անգամ դուրս էինք գալիս, պտտվում էինք, կարոտներս առնում էինք Ստեփանակերտից, ման էինք գալիս: Անհանգստացնողը այն էր, որ փողոցում կարող էին քեզ մոտենալ, հարցնել՝ ուր ես գնում, դակումենտ էիր ցույց տալիս, թե դու ով ես, ու շարունակում էիր ճանապարհդ», - հիշել է Մարգարիտան:
Հարցին, թե ինչու իրենք նախընտրեցին մնալ Ստեփանակերտում, պատասխանել է՝ մնացինք մեր Հայրենիքում, դա բնական է:
«Դատավորը ու դատախազը չեն հասկանում, որ մենք մնացել ենք մեր հայրենիքում, մեր Ստեփանակերտում ու պատրաստ էինք մահվան: Դա ամուսնուս ընտրությունն էր, իսկ ես մնացել եմ իմ ամուսնու մոտ և չգիտեի, ինքը կենդանի կմնա, թե ոչ: Ես չէի կարող նրան մենակ թողնել: Որտեղ ամուսինս, այնտեղ ես»:
Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ: Պատմում է, որ այն օրերին լուր էր տարածվել, թե Արցախի հայկական եկեղեցիները, «Դեդոն ու Բաբոն» քանդում են, և իրենք, ցանկանալով օգտակար լինել հայրենակիցներին, գնացին, նկարահանեցին ու տարածեցին Արցախի սիմվոլ արձանախմբի կադրերը, ինչը Ադրբեջանի իշխանությունը արգելել էր:
«Մենք գնացել ենք, նկարել ենք, որ Դեդո-բաբոն Բաբոն տեղում են, ու գրեցին, որ թուրքը մեզ տարել է, Դեդո-բաբոյի մոտ զբոսնելու, ու բոլոր լրատվամիջոցները տարածեցին էդ սուտը: Եթե դրանք չլինեին, դատական պրոցեսն էլ չէր լինի: Ես խնդրում էի, գրում էի, որ իմ նյութերը չտարածեն, գրում էին, որ դրանով դուք վտանգում եք իմ կյանքը, բայց մեր հայերը, իմ ընկերները տարածեցին այդ նյութերը, իմ նկարածը բոլոր հեռուստահաղոդումներում էլ դրեցին, էլ ո՞նց մնայինք Ստեփանակերտում», - ասել է կինը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


