
«Ժողովուրդ». ԱԺ նախագահը անգրագետ տեքստերով վիրավորում է լրատվամիջոցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է թիրախավորել «Ժողովուրդ» օրաթերթին և հիմնադիր Թագուհի Թովմասյանին: Խորհրդարանի խոսնակը 2 օրը մեկ պարբերականությամբ հիշում է մեր օրաթերթը:
Անունը դրել է «Մամուլի տեսություն» բայց թիրախում «Ժողովուրդ» օրաթերթն է և Թագուհի Թովմասյանը: Իհարկե, իր դե յուրե զոքանչին պատկանող «Հրապարակ»-ին էլ է հիշատակում, բայց առանց ղեկավար Արմինե Օհանյանին թիրախավորելու և վիրավորելու:
Անշուշտ, քաղաքացու վրա թքող, մինչև ականջները կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեղադրանքների տարափի տակ կքած Ալեն Սիմոնյանին չէինք անդրադառնա, եթե գոնե մեզ խրատներ տվող տեքստերում ուղղագրական, կետադրական խայտառակ տառասխալներ չնկատեինք: ԱԺ նախագահը անգրագետ տեքստերով վիրավորում է լրատվամիջոցներին:
Առաջին էկրանապատճենում տեսնում եք փետրվարի 13-ին արված հրապարակումը, որտեղ գրել է. «Թագուհի Թովմասյանը «նեխսրտելով», որ իրան գործուղման չեմ տանում…» ձևակերպմամբ սկսվող նախադասություն։ Հատուկ ԱԺ անգրագետ խոսնակ Ալեն Սիմոնյանի և իր թիմակիցների համար հիշեցնենք, որ «նեղսրտել» բառը գրվում է «ղ»-ով:
Երեկ էլ հրապարակեց հերթական մաղձը՝ նույն ձևակերպմամբ: Իհարկե, «նեղսրտել» բառը թերևս սովորել է 45 տարեկանում, բայց պետք է հայոց լեզվի դասընթացներ անցնի, որպեսզի սովորի նաև` գրվում է ոչ թե «հարթուկ», այլ «արդուկ»:
Իսկ Ալեն Սիմոնյանի՝ պետության հաշվին իրականացվող գործուղումները իր աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք մատուցվում են իբրև «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակություն», միայն ժպիտ են առաջացնում: Ում է գլխավորում Ալեն Սիմոնյանը՝ «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակություն» ձևակերպմամբ, իր նախկին օգնականի՞ն, իր՝ «արդուկի գծով խորհրդականի՞ն», օպերատորի՞ն, մամլո խոսնակի՞ն, թե՞ վարչության պետին:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պետք է ներկայացնի ողջ խորհրդարանը՝ և՛ իշխանություն և՛ ընդդիմություն: Իսկ ընդդիմադիրները բոյկոտում են Ալեն Սիմոնյանի դեմ: Իրեն հարգող որևէ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ գործուղման չի մեկնում արդեն վաղուց: Ու սա, կարծես թե, նյարդայնացնում է ԱԺ խոսնակին: Բայց մենք կշարունակենք մեր հրապարակումների շարքը. մեզ չեք կարող շեղել անգրագետ տեքստերով: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին ու հիմնադիր Թագուհի Թովմասյանին թիրախավորում են երկու հոգի՝ Ալեն Սիմոնյանն ու Դոգը՝ նույն հետևողականությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


