
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը հայց է ներկայացրել սնանկության դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն:
Իսկ ում է պատկանում «Եվրոասֆալտ»-ը: Խիստ կասկածելի է, բայց այս ընկերությունը, ըստ փաստաթղթերի, ունի 2 բաժնետեր՝ Սվետլանա Պողոսյան և Լուսիկ Գևորգյան (վերջինս գրանցված է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում): Ասֆալտբետոնի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել է 2021-ի մարտից: Ըստ մամուլի՝ Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ»-ում որպես տնօրեն գրանցվելիս ու հետադարձ կապի միջոց ներկայացնելիս նշել է [email protected] էլեկտրոնային հասցեն։ Այսինքն՝ կապ ունի նաև այդ ընկերության հետ: Տեղեկացնենք, որ «Թի էս քնսթրաքշն» ընկերությունը հիմնվել է 2019-ին, բաժնետերը Երևանում գրանցված Մարիետա Ավագյանն է, որի միակ ընկերությունն է այս «քոնսթրաքշնը»: Linkedin սոցիալական ցանցում Կառլեն Սիմոնյանը նշել է, որ «Թի էս քնսթրաքշն»-ի փոխտնօրենն է։ Այս ընկերությունը զբաղվում է բետոնի արտադրությամբ, որի ստուգումը, կազմակերպումն ու մատակարարումը անցկացվում է իր լաբորատորիայում։ «Թի էս քնսթրաքշն»-ն ունի 21 տեխնիկա ու 30 մասնագետ, իսկ բետոնխառնիչ մեքենաները Mercedes-Benz Actros մակնիշի են, որոնց շուկայական գինը տատանվում է 60-70 հազար դոլարի միջակայքում։ Ունի երկու տասնյակից ավելի աշխատակից:
Իսկ ինչ խոշոր գումարներ են փոխանցվել պետությունից Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերությանը: 2021-ի հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել ՏԿԵ նախարարության հետ՝ Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը վերանորոգելու համար: Այնուհետև, մեկ այլ պայմանագրով 287.5 միլիոն դրամով Ապարան քաղաքի և հարակից բնակավայրերի ավտոճանապարհներն է նորոգել:
Արդեն 2023-ին նույն նախարարության հետ, դարձյալ առանց մրցույթի, 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:
Ու երբ լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին «Եվրոասֆալտ» ընկերությանը, 2023-ին սեփականատերեր կանայք որոշեցին ԱԺ նախագահի եղբորը ազատել աշխատանքից՝ տնօրեն նշանակելով Լիլիա Հովհաննիսյանին: Ընկերության ներսում կատարված այս «իշխանափոխությունից» հետո «Եվրոասֆալտի» գործերը կտրուկ վատացան:
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչև բանկերին փոխկապակցված կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ են մտել դատարան։
«Արինս Կապիտալ»-ը, «Ռոգո ինշուրանս»-ը, «Արգիշտի 2»-ը, «Վիկան»-ը, «Բետոնագործ»-ը, «Սևակ Բոյաջյան»-ը «Եվրոասֆալտի» գործով դատարան են դիմել:
Եվ հիմա թեև փաստաթղթերով ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլևս կապ չունի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն նրա հեռանալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան, գործը մակագրվել է դատավոր Ինգա Բարսեղյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


