
Հիշել Թումանյանին և գիրք նվիրել
Այսօր՝ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է` 156-ամյակը։
Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղում։
Հ. Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։
Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19-րդ դարի վերջին տասնամյակը – 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։
«Այո՛, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք»,- Թումանյանի մասին ասել է գրող, արձակագիր, թարգմանիչ Ստեփան Զորյանը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում:
1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ:
Այդ կոմիտեն իր հերթին ենթարկվում էր Հայոց ազգային բյուրոյին, որին Թումանյանն անդամակցում էր նրա գոյության առաջին օրից` 1912թ. հոկտեմբերի 30-ի հիմնադիր ժողովից: Այդ օրերին Թումանյանի յուրաքանչյուր հոդված հայ զինվորին և ամբողջ ժողովրդին մղում էր ազատագրական պայքարի, ոգևորում նրանց հաղթանակի հավատով:
1915 թվական: Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես և ֆիզիկապես քայքայված, դստեր` Նվարդի հետ մեկնում է Էջմիածին` սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները: Թումանյանից ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այդ օրերի մղձավանջը. «Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլած երեխաներ… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը…, որ ամեն կողմից առաջ էին հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին…»:
Թումանյանը ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստարանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ բացվում է հինգ հիվանդանոց` հինգ հարյուր մահճակալով, որբանոց` մոտ երեք հազար երեխայի համար:
1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվում է «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ է ընտրվում Թումանյանը:
1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ:
«Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝ գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները»,- ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
Դեռևս 2008 թ-ից հենց այս օրը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հայաստանում ավանդաբար նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Վերջին տարիներին ընթերցանության և գրքերի նկատմամբ հետաքրքրությունն իսկապես աճել է, իսկ Գիրք նվիրելու օրը տոն է դարձել բոլորի համար:
Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ։
«Իրականում «Գիրք նվիրելու օրերը» շատ պետք է լինեն տարվա ընթացքում։ Այսօր հրաշալի գրականություն է տպագրվում թեկուզ սահմանափակ քանակով և կարծես թե ընտրությունը շատ մեծ է։ Բայց արդիական է մեկ խնդիր՝ ի՞նչ է կարդում այսօրվա պատանին, երիտասարդը, ի՞նչ արժեքներ են քարոզվում այդ գրքերում․․․․։
Սոցցանցերը՝ հատկապես տիկտոկ կոչվածը, խեղում են դպրոցականին․․․․ շատ ծնողներ անգամ տեղյակ էլ չեն իրենց երեխաների թաքուն հետաքրքրություններից։
Ընթերցասիրությունը խթանելու լավագույն օրինակը ծնողներն են։ Հիշողությանս մեջ անջնջելի դաջվել է հորս օրինակը, որ ամեն օր կարդում էր օրվա թերթերը, գրեթե ամեն շաբաթ այցելում հայտնի գրախանութները։ Հետևաբար մեծ է ծնողի և ուսուցչի դերակատարությունը երեխայի՝ ճիշտ գրքի ընտրության հարցում։
Թող գիրքը միշտ ուղեկից լինի մեզ՝ լուսավորելով մեր միտքն ու հոգին»,- գրել է Հայր Զաքարիան։
«Թումանյանը ամենաընթերցասեր հայ գրողներից է: Յուրաքանչյուր հայի համար հատուկ է դարերի խորքից եկող և գրեթե բնազդական սերը դեպի գիրքը: Բանաստեղծի մեջ այդ սերը առավել շեշտված էր, առավել ցայտուն:
Գրքի նկատմամբ Թումանյանի վիթխարի սիրո ապացույցն էր 10 000 միավոր գրականություն կազմող նրա անձնական գրադարանը, որից այսօր պահպանվել է 8000 գիրք:
Թումանյանը իր հարուստ գրադարանը ձեռք բերեց միայնակ՝ գրեթե միշտ լինելով նյութական կարիքի մեջ և, բառիս բուն իմաստով, վճարելով իր և իր ընտանիքի ապրուստի՝ հացի գումարը: Պատանեկության տարիների մտերիմներից Արսեն Ղլտճյանը վկայում է, որ Թումանյանը «շատ էր կարդում, մշտապես գրքեր էր հավաքում՝ հաճախ օրվա հացի գինը ծախսելով այդ նպատակին»:
Գրողն ինքը խոստովանում է. «18 տարեկան էի դարձել, և միայն մի քանի գիրք էր անցել ձեռքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով»:
Ընդամենը երեք տասնամյակի, ազգային-հասարակական հոգսերով գերծանրաբեռն կյանքի ընթացքում Ամենայն հայոց բանաստեղծը ձեռք բերեց մեծ ու արժեքավոր գրադարան: Այն սիրով, հատուկ խնամքով և ընտրությամբ ձեռք բերված կովկասագիտական, հայագիտական, արվեստաբանական, պատմագիտական, փիլիսոփայական և այլ բնագավառների գրքերի հարուստ հավաքածու է՝ տարբեր լեզուներով, և հարուստ է թե՛ հայ և թե՛ արտասահմանյան գրականությամբ: Թումանյանը թեմատիկ գրապահարաններում առանձնացրել էր բառարանների, գեղարվեստի, հայագիտության, կովկասագիտության, Արևելքի պատմության, բանահյուսության և այլ բնույթի գրականություն: Քարտարանը կազմել էր անձամբ» (Գրական թերթ)։
Հարակից հրապարակումներ`
- Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում և թանգարաններում
- Թումանյանի անձնական գրադարանի առաջին գիրքը կցուցադրվի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


