
Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը
Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը։ Այն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմին ընդառաջ։ Նոր ֆիլմը դպրոցականների մասին է, որոնք իրենց մեջ գտնում են հերոսական ջիղ, փորձում փրկել իրենց ուսուցիչներին անցյալից մեր աշխարհ եկած չարագործից: Հենց այս բարի գաղափարի շուրջ էլ ծնվել է այս մրցույթի միտքը:
«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրելու են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։
Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը: Մարզերի դպրոցների դեպքում, կազմակերպիչները կապահովեն նաև հաղթող դպրոցների աշակերտների և ուսուցիչների տեղափոխությունը Երևան։ Այս գաղափարն ունի յուրահատուկ խորհուրդ, որն արդիական է մեր օրերում։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։ Մրցույթն անցկացվելու է երկու տարիքային խմբերում՝ 4-8-րդ դասարաններ և 9-12-րդ դասարաններ։ Յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է մեկական հաղթող։
Ընդհանուր առմամբ նախատեսվում է ունենալ երկու հաղթող 4-8-րդ դասարանների և 9-12-րդ դասարանների տարիքային խմբերում՝ Երևանում և մարզերում (հաղթողների ընդհանուր քանակը՝ 4):
Մրցույթի մեկնարկը տրված է, և ընթացքը բաժանված է երկու հիմնական փուլի՝ դպրոցական և ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին կարող է ուղարկել դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։ Մրցութային աշխատանքների ուղարկման վերջնաժամկետ՝ մարտի 2-ը։ Արդյունքների ամփոփումը տեղի կունենա մարտի 10-17-ը։
Պրոֆեսիոնալ ժյուրին բաղկացած է ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաև ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։
Նշենք, որ մրցույթի գործընկերն է Կոնվերս Բանկը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


