
Վստահ չեմ, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում կարող է աշխարհքաղաքական բեռը քաշել առանց ԱՄՆ-ի. Քաղաքագետ
Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքում հնչած հայտարարությունների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղված մեղադրանքների, ինչպես նաև այդ համատեքստում հնարավոր զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ.
Սերգեյ Մելքոնյան-Երկու կողմերն էլ ունեն իրենց նպատակները։ Տարանջատել տարբեր օրակարգերը, և որ ամենակարևորն է Ռուսաստանի համար, վերականգնել բարձր մակարդակի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, դա ըստ իրենց, թույլ կտա և տարածաշրջանային, և գլոբալ հարցերը՝ այդ թվում Ուկրաինայի հարցը լուծել երկկողմ ձևաչափով՝ առանց ԵՄ ու այլ կենտրոնների ներգրավվածության։
ԱՄՆ-ի մասով. ինչպես չինացի ստրատեգ Սուն Ցզիին էր սովորեցնում, պատերազմում հաղթելու համար առաջին քայլով պետք է փորձել տարանջատել դաշինքները։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ նախկինում վարած քաղաքականությունը բերեց նրան, որ Ռուսաստանն ավելի մտերիմ դարձավ Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հետ։ Եթե ընդունենք, որ ԱՄՆ-ի, Թրամփի ապագայի երկարաժամկետ խնդիրը կապված է լինելու Չինաստանի հետ, ապա շատ կարևոր է փորձել Չինաստանի մասնակցությամբ դաշինքները թուլացնել, Ռուսաստանն այս առումով կարևոր օղակներից մեկն է։ Այստեղ երկու կողմերի շահերը համընկնում են, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում դառնալ Չինաստանի ազդեցության գոտի, շահագրգռված է տարածաշրջանային ու գլոբալ հարցերն ինքնուրույն լուծել, մյուս կողմից էլ ԱՄՆ-ն շահագրգռված չէ, որ ամրապնդվի Ռուսաստան-Չինաստան դաշինքը։
Գլոբալ հարցեր լուծելու համար երկու երկրները պետք է նախ և առաջ վերականգնեն միմյանց նկատմամբ վստահությունը, ապա հարաբերությունների բարձր մակարդակը՝ քաղաքական, դիվանագիտական, և ընդհանրապես, լինի երկխոսություն։ Ռուսաստանի համար մի կարևոր հանգամանք էլ կա, Տրանսատլանտիկ դաշինքն այլևս այն չէ, ինչ կար նույնիսկ երեք ամիս առաջ ԱՄՆ-ԵՄ-ՆԱՏՕ օրակարգերի նույնականացման առումով։ Եթե Ռուսաստանին հաջողվի տարանջատել այդ դաշինքը, ավելի հեշտ կլինի լուծել տարածաշրջանային հարցերը՝ առաջին հերթին Ուկրաինայում։
Panorama.am-Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում Զելենսկու վերաբերյալ գրառում էր կատարել, նրա հասցեին մի շարք մեղադրանքներ հնչեցրել։ Ո՞ւր կարող են տանել այդ մեղադրանքները։
Սերգեյ Մելքոնյան-Թրամփը Զելենսկուն մեղադրեց, որ նա լեգիտիմ չէ, Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել, չի ներկայացնում Ուկրաինայի ժողովրդի կամքը, հետևաբար Ռուսաստանը պատրաստ չէ իր հետ բանակցել։ Ռուսաստանը հետագայում կարող է դա ներկայացնել որպես իր հաղթանակ, եթե իշխանությունը փոխվի, քանի որ պատերազմի նպատակներից մեկն էլ դենացիֆիկացիան էր։ Նշանակում է, որ հակառուսական գործող իշխանության հեռացումից հետո հնարավոր է գան նոր մարդիկ, որոնք ընդունեն Ռուսաստանի պահանջները՝ խոսքը վերաբերում է լեզվի, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքին։
Ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքում հնարավոր համաձայնությունների, դրանց՝ Հարավային Կովկասում ազդեցության, Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր չկնքելու հետևանքների վերաբերյալ հարցերի պատասխանները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Զելենսկուն անվանել է «առանց ընտրությունների բռնապետ»
- «Հրապարակ». Ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում
- Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանց իրեն չեն կարող բանակցել
- Ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 4,5 ժամ. առաջին մեկնաբանությունները
- WP. Զելենսկին չի համաձայնել ԱՄՆ-ին փոխանցել Ուկրաինայի օգտակար հանածոների 50%-ի իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան