
«Ժողովուրդ». Իրանի և Վրաստանի հետ սահմանազատում տեղի ունենալո՞ւ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել սահմանագծում և սահմանազատում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից, սակայն զինծառայողների ծնողների ահազանգի համաձայն՝ այդ գործընթացում ներգրավվելու են նաև ՀՀ զինված ուժերը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ հասկանալու համար, թե ճիշտ են արդյոք նման տեղեկությունները։ Ստացել էինք հետևյալ պատասխանը. «Հայտնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Համաձայն գործող Կանոնակարգի 1-ին և 2-րդ հոդվածների 2-րդ մասերի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ սահմանազատման աշխատանքները և համալիր միջոցառումները իրականացվում են բացառապես հանձնաժողովների, փորձագիտական խմբերի, ինչպես նաև աշխատանքներում ներգրավվող փորձագետների և մասնագետների կողմից»,- ասված է պատասխանում։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ուներ, որ հայտնի սահմանազատումը սկսվելու է Գեղարքունիքի մարզից՝ Ճամբարակ և Սոթք համայնքներից։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե կոնկրետ որ կետերից է սկսվելու սահմանագծումն ու սահմանազատումը։ Նախարարությունից լրացուցիչ ժամանակ են խնդրել հարցմանը պատասխանելու համար, սակայն արտաքին գործերի նախարարությունից հարցմանը պատասխանել էին հետևյալ կերպ. «Ըստ 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպման արդյունքների՝ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ, և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից, և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասված է հարցմանն ի պատասխան։
Այսինքն, սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ: Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների անխախտելիության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության իր դիրքորոշումը։
Օրինակ՝ 2025 թվականի փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ «տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան