
Էրմիտաժում ներկայացված Միքայել Բադալյանի «Թեյշեբաինի.Երևանի ուրարտական ժառանգությունը» գրքույկը մեր հնագույն պատմությունը հանրահռչակող կարևոր գործիք է
Օրեր առաջ Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժում կայացել է պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ, հնագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի «Тейшебаини. Урартское наследие Еревана» («Թեյշեբաինի. Երևանի ուրարտական ժառանգությունը») գիտահանրամատչելի պատկերազարդ գրքույկի շնորհանդեսը։ Գրքույկի նախաբանը գրել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
«Այսօր խիստ կարիքը կա գիտության նվաճումները հանրամատչելի դարձնել։ Նաև մյուս կողմից և մեր հարևանները, և տարբեր մարդիկ ամեն կերպ փորձում են խեղաթյուրել, աղավաղել, նենգափոխել մեր պատմությունը, մեր ժառանգությունը և այս առումով շատ կարևոր է տարբեր հարթակներով լավ աշխատել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Բադալյանը։
Ըստ նրա, հենց Ռուսաստանում էլ մեր հարևանները փորձում են աղավաղել, խեղաթյուրել մեր պատմությունը, իսկ Ուրարտուն մեր պատմության կարևորագույն փուլերից մեկն է. «Մի փուլ, երբ որ մենք աշխարհում քաղաքակրթական առումով լուրջ խոսք էինք ասում, մի փուլ, երբ որ աշխարհում նույնիսկ ինչ-որ մի ժամանակահատվածում ամենահզոր քաղաքական խաղացողն էինք։ Ուրարտուի պատմությունը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ մեծ դեր է ունեցել, նաև մեր ինքնության վրա է չափազանց մեր դեր ունեցել, ինչը, իհարկե, շատերին դուր չի գալիս»։
Գիտնականը նշեց, որ շատ կարևոր է տեղեկությունը ներկայացնել ճիշտ, հիմնված փաստերի, պեղումների արդյունքների վրա։
Նրա ներկայացմամբ, 2024 թվականի մայիսի կեսերից, երբ որ դադարել է լինել թանգարանի տնօրեն, շատ է մտածել այս ուղղությամբ և «Արտիս ֆուտուրա» մշակույթի և արվեստի պահպանության հիմնադրամից իր լավ բարեկամներ Հասմիկ Չախմախչյանն ու Արաքսյա Մուշեղյանն առաջարկել են համատեղ նման նախագիծ իրականացնել, որի արդյունքում էլ ծնվել է հենց այս գրքույկը։
«Այն մեր հնագույն ժառանգությունը հանրահռչակող կարևոր մի գործիք է։ Գիրքը մեր մայրաքաղաք Երևանի հնագույն ժառանգության մասին է՝ սկսած նախապատմական շրջանից, Երևանի քարայրից, Շենգավիթից, այլ հուշարձաններից, բայց գրքի առանցքում Կարմիր բլուրն է՝ Թեյշեբաինին, քանի որ այն համարվում է համաշխարհային ժառագության կարևորագույն հուշարձաններից մեկը, որը վերաբերում է ուրարտական ժամանակարջանին, և այսօր դժվար է գտնել ինչ-որ գիտական քարտեզ, որը կվերաբերի հին Մերձավոր Արևելքին և այնտեղ Կարմիր բլուրը չլինի։
Այս առումով ինքս փորձել եմ գիտահանրամատչելի կերպով ներկայացնել գեղեցիկ պատմությունները, որոնք կան Կարմիր բլուրի վերաբերյալ, ինչպես նաև Կարմիր բլուրի պեղումների ժամանակ սկսվեցին պեղումներ Էրեբունիում, գտնվեց Երևանի ծննդյան վկայականը, ով գտավ այն։
Նաև նորություններ կան, օրինակ, Կարմիր բլուրում հայ-ռուսական և հայ-ֆրանսիական արշավախմբերի կողմից գրանցված պեղումների արդյունքները»,- գիրքը նկարագրեց Մ.Բադալյանը։
Գրքում կան նոր քարտեզներ, լուսանկարներ, նաև արխիվային նկարներ, որոնք տրամադրել է Էրմիտաժը, Էրեբունի թանգարանը։
Գիրքը կարելի է ընթերցել 1,5 ժամում, և, հեղինակի խոսքով, շարունակական, շղթայական ճանապարհորդություն է դեպի հնագույն Երևան։
«Շատերն այն ընթերցելուց հետո կցանկանան գալ ու տեսնել այդ հուշարձանները»,- ասաց Միքայել Բադալյանը։
Ինչու է գրքույկի շնորհանդեսը կայացել հենց Էրմիտաժում
«Առաջարկությունը մենք արեցինք, սիրով ընդունվեց, ինչի համար շնորհակալ եմ Միխայիլ Պիոտրովսկուն և Էրմիտաժին։ Մեծ պատիվ է Էրմիտաժի կայսերական թատրոնում իրականացնել քո գրքույկի շնորհանդեսը։
Էրմիտաժն աշխարհի մշակութային ամենակարևոր հարթակներից մեկն է, մեզ հարազատ վայր է։ Էրմիտաժի տնօրեններ են եղել մեր հայրենակից ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին, Բորիս Պիոտրովսկին, ով երկար ժամանակ ղեկավարել է Կարմիր բլուրի արշավախումբը, այսօր Էրմիտաժի տնօրենը Միխայել Պիոտրովսկին է, ով Երևանի պատվավոր քաղաքացի է, ում մայրը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը, Ջանփոլադյանների հայտնի տոհմից է»,- ասաց գրքույկի հեղինակը՝ ընդգծելով, որ շատ պատվաբեր է, որ գրքի առաջաբանը գրել է հենց Միխայել Պիոտրովսկին։
Միքայել Բադալյանը հայտնեց, որ այժմ նմանատիպ մի նախագիծ է իրականացնում, մի փոքր այլ ձևաչափով, աշխարհի ամենահայտնի ուրարտագետներից Ռոբերտո Դանի հետ։ Այն լինելու է իտալերեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժում տեղի է ունեցել ուրարտագետ Միքայել Բադալյանի պատկերազարդ գրքույկի շնորհանդեսը
- Պեղումների արդյունքում բացված դամբարանները նոր երևույթ են Կարմիր բլուրի համար. Միքայել Բադալյան
- Իշխանությունների կողմից առաջ մղվող «Հայաստանի պատմություն» եզրույթն ընդունելի չէ. Միքայել Բադալյան
- Չի բացառվում, որ Հայաստանի լեռներից մեկի վրա ևս հայտնաբերվի ուրարտական միապետների կողմից թողնված արձանագրություն. Բադալյան
- Ինչո՞ւ եմ ես միակ հայ գիտնականը, ում խոսքը տեղադրել են այդ կեղծաշատ նյութում. Միքայել Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան