
Թեև «նևրոզ» հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է, սակայն մեծամասնությունը չի դիմում մասնագետի. Խորհուրդներ՝ բժշկից
Նևրոտիկ խանգարումները հանրության մեջ առավել ընդունված է անվանել «նևրոզ»։
Դրանք սովորաբար զարգանում են սթրեսային կամ հոգետրավմատիկ իրադարձությունների հետևանքով․ առիթ կարող են դառնալ կյանքի ամենատարբեր իրավիճակները` ընտանեկան կամ աշխատանքային կոնֆլիկտներից մինչև կենցաղային կամ ֆինանսական խնդիրներ, միջանձնային բարդ փոխհարաբերություններից մինչև հարազատի կորուստ և այլն։
Թեև նևրոտիկ խանգարումը հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է, սակայն մեծամասնությունը չի դիմում մասնագիտական բուժօգնության։
ԱՆ խորհրդատու հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով Գևորգ Փաշիկյանը ներկայացրել է, թե որո՞նք են հիմնական ախտանիշները․
. վախ, տագնապ, խուճապի հաճախակի զգացողություն
. կպչուն մտքեր, կպչուն վախեր կամ հիշողություններ
. հյուծվելիություն՝ ընդհուպ քրոնիկական հոգնածության վիճակի հասնող
. դյուրագրգռություն
. հուզական անկայունություն (հույզերի զսպման անհնարինություն)
. ճանաչողական խնդիրներ (հիշողության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ, նոր նյութ յուրացնելու դժվարություն)
. դժվարություններ սոցիալական շփումներում
. քնի խանգարումներ
. ցածր ինքնագնահատական:
Գրեթե միշտ նևորտիկ խանգարումներն ուղեկցվում են մարմնական կամ վեգետատիվ ախտանիշներով․
. գլխացավ, գլխապտույտ, ականջներում խշշոց, հավասարակշռության խանգարումներ
. սրտխփոց, կրծքավանդակի շրջանում սեղմող ցավ
. զարկերակային ճնշման տատանումներ (հաճախ զարկերակային ճնշման բարձրացում)
. հևոց, օդի պակասի զգացողություն, կոկորդում օտար մարմնի զգացողություն
. ցավեր առանց հստակ տեղակայման
. թուլություն, գերքրտնություն, դող
. սեռական թուլություն
. հաճախամիզություն
. մարսողական համակարգի խանգարումներ:
Առանձին դեպքերում անձի մոտ նշված ախտանիշներից կարող է դիտվել մեկը կամ մի քանիսը։
Չնայած նևրոտիկ խանգարումները վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար` դրանք բերում են կյանքի որակի անկման։
ժամանակին և համարժեք բուժման դեպքում նևրոտիկ խանգարումները լիովին ենթարկվում են առողջացման:
Խնդիրն անուշադրության մատնելու կամ ինքնաբուժմամբ զբաղվելու դեպքում մեծանում է հիվանդության քրոնիկական ընթացքի ձևավորման հավանականությունը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան