
Համագործակցություն, կոալիցիա իշխանության հետ բացառում եմ. Մարտուն Գրիգորյան
«Ես շնորհակալ եմ Աստծուն, որ տվել է ինձ ուժ, շնորհք, թասիբ, որ ես կարողանամ կայանալ որպես մարդ, գործարար։ Բոլորը Գյումրիում մեզ լավ ճանաչում են, գիտեն, որ ես ապահոված ընտանիքից եմ»,-խոսելով հայտարարագրված ունեցվածքի մասին՝ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ նշելով, որ հայրը, հորեղբայրը, ժամանակին նաև պապիկն ունեցել են բիզնեսներ։
Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանը հայտարարել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման մասին։
Նա նաև նշել է՝ լինելով ապահոված ընտանիքի զավակ, ինքը 16 տարեկանից աշխատել է։
«Իմ տղաներն էլ 16-17 տարեկանից սկսած շարունակել են իմ ստեղծածը, ավելացնում են իմ ունեցածի վրա։ Շատ դժվար է, երբ քո շրջապտում կան մարդիկ, որոնք ունեն պրոբլեմներ։ Բայց մեր ընտանիքն այն ընտանիքներից չէ, որ մենակով է վայելել։ Բոլորը գիտեն, Գյումրիում բոլորը մեզ ճանաչում են»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, Արցախյան ազատամարտի տարիներին թե զենք-զինամթերք են հասցրել ճակատ, թե այդ ընթացքում ու հեո օգնության ձեռք են մեկնել կարիքավորներին։
Նա պատահական չի համարում, որ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ ամենարիտասարդ պատգամավոր, համարում է, որ դա իր ու ընտանիքի անցած ճանապարհի արդյունք ու գնահատականն է։
Պատասխանելով Գյումրու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ուժերի մասին հարցին՝ Գրիգորյանը նշել է, որևէ մեկին չի թերագնահատում։
«Վերջնական արդյունքը գյումրեցիների ընտրությունն է։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա հստակ ասել եմ, համագործակցություն կոնկրետ իշխանության հետ բացառում եմ՝ կոալիցիա և այլն, բացառում եմ։ Այլ բաների մասին խոսելը վաղ է։ Մի բան կարող եմ ասել, կողմ չեմ կոալիցիաների, բայց կան համագործակցության տարբերակներ»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Գյումրիում նախընտրական շրջանում իրավիճակի թեժացման ու կրքերի շիկացման վերաբերյալ խոսակցություններին, ապա Գրիգորյանը նշել է.
«Ոչ մի բան էլ չի լինելու, Գյումրիում ազատ, նորմալ, հանգիստ ընտրություններ են լինելու։ Մենք էլ ամեն մեկս մեր տեղում փորձելու ենք ամեն բան անել, եթե կան մարդիկ, որ ուզում են ձեռքերը կրակի վրա տաքացնել, այդ առիթը չենք տալու։ Ինչ վերաբերում է հարցին, թե ում է ընտրելու գյումրեցին, ապա գյումրեցին ընտրելու է արժանապատիվ մարդու, նամուսը, թասիբը, պատիվը, ապրած կյանքը, անցած ճանապարհը»։
Հարակից հրապարակումներ`
- Հստակ ու վստահ ասում եմ՝ Գյումրիի շունչը բացվելու է տուրիզմով, և մենք ունենք այդ ծրագիրը. Մ. Գրիգորյան
- Մարտուն Գրիգորյան. Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, չպետք է հանդուրժել