
Հստակ ու վստահ ասում եմ՝ Գյումրիի շունչը բացվելու է տուրիզմով, և մենք ունենք այդ ծրագիրը. Մ. Գրիգորյան
«Գյումրիում տուրիզմի զարգացումը չպետք է թողնել միայն մասնավորի հույսին։ Քաղաքապետն ու քաղաքապետարանն այս առումով մեծ անելիք ունեն, ձեռքը պետք է պահեն պուլսի վրա»,-խոսելով Գյումրիի զարգացման իր տեսլականի մասին՝ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ նա հայտարարել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։
Գրիգորյանն ընդգծել է, տուրիմի զարգացման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ, զարգացման ծրագիր։
«Քաղաքապետը պետք է լինի լավ ու սրտացավ մենեջեր, կարողանա այդ ամենը համակարգել, կազմակերպել։ Քաղաքապետի ուշքն ու միտքը, այսպես ասած, պետք է լինի մի բան, քաղաքի բրենդը, քաղաքը ճիշտ բրենդավորել ու ներկայացնել այն լույսի ներքո, որը կգրավի բոլորին, ամենաքիչը ԵԱՏՄ անդամ երկրների ուշադրությունը սևեռել Գյումրիի վրա։ Այս ամենի մասին առիթ կունենամ մանրամասն խոսելու։ Հստակ ու վստահ ասում եմ՝ քաղաքի փրկությունը, քաղաքի շունչը բացվելու է տուրիզմով։ Մենք ունենք այդ ծևագիրը, ես կարողանալու եմ տուրիզմի շնորհիվ քաղաքին տալ նոր շունչ, նոր դեմք, նոր դիմագիծ, որով դառնալու ենք ամենաներկայանալի ու սպասված քաղաքը»,-ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է մարտի 5-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։
Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու նախկին քաղաաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ Սարիկ Մինասյանը, «Այընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը։