
Արմինե Օհանյան. Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել այսրոպեական կառավարիչների համար.
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ սեր ունի ասացվածքների նկատմամբ: Հատկապես շատ է սիրել «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությունը, որն անհայրենիք ու իրենց որկորն ամեն ինչից վեր դասողների մասին է իրականում եւ որի կիրառման ժամանակ փորձում է նույնացնել հայրենիքը հացի հետ: Երեւի հաջորդը լինելու է «Եղունգ ունես` գլուխդ քորի»-ն:
Բայց իրեն լսող մարդիկ շատ ուրիշ ասացվածքներ էլ կարող են հիշել եւ հիշեցնել, որոնք սպառողի ու եսամոլի, որկրամոլների ու անհայրենիքների մասին չեն, կարող են պոռոտախոսների ականջին օղ լինել եւ մեր գլխին եկածը հրաշալի նկարագրել:
Օրինակ` «Եթե տասը բան գիտես, մեկն ասա, իննը` պահիր», «Անողը պրծավ, ասողը` չպրծավ», «Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է», «Երբ համոզված չես, որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես»: Սա անվերջ խոսելու, ոչինչ չասելու, միտք չարտահայտելու, միայն մտքեր պղտորելու մասով: Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել երկրի այսրոպեական կառավարիչների համար. «Խելոքին մեկ ասա, անխելքին՝ հազար ու մեկ», «Գայլի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ շուտ արեք, ոչխարը սարն անցավ», «Մի գիժ մի քար գցեց հորը, հազար խելոք չկարողացան հանել», «Ամեն բանի վերջն է գովելի», «Ամեն անգամ գետը գերան չի բերի», «Ինչ որ բրդես, այն կխրթես»:
Սա էլ՝ իր գործած ավերածությունների եւ մեզ ազգովի այս քաոսի ու անելանելի կացության մեջ գցելու մասով: Ուրիշ ասացվածքներ էլ կան` շատ ավելի հայեցի եւ ազնիվ, որոնք ոչ մի կապ չունեն ստամոքսի, ունեցվածքի, կեղծ խաղաղասիրության ու պարտվողի հոգեբանության հետ. «Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար` Մասիս», «Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացավ, էլ չի քնի», «Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել», «Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը՝ հազար անգամ»: Ամեն մեկն, իհարկե, իր «սրտի» ասացվածքն է գտնում` իր կերպարին ու կենսակերպին համահունչ»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան